Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի ծրագրված այցը Հյուսիսային Մակեդոնիա եվրոպական պատժամիջոցների խախտում չէ։ Դրա մասին Եվրահանձնաժողովի մամուլի ծառայությունից հեռարձակված ճեպազրույցում հայտարարել է ԵՄ արտաքին ծառայության ներկայացուցիչ Պետեր Ստանոն։
Պաշտոնյան բացատրել է, որ թեեւ ՌԴ ԱԳՆ ղեկավարն ընդգրկված է պատժամիջոցների ցանկում, սակայն ցանկացած պատժամիջոցից բացառություններ կան, հատկապես երբ խոսքը վերաբերում է այնպիսի բազմակողմ հարթակների, ինչպիսին են ՄԱԿ-ի կամ ԵԱՀԿ-ի աշխատանքներին պաշտոնյաների մասնակցությունը:
Նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 1-ը Սկոպյեում տեղի կունենա ԵԱՀԿ արտգործնախարարների հանդիպումը, որի ժամանակ կազմակերպության անդամները պետք է ընտրեն նախագահող պետությանը։