Ըստ ՀՀ ԱԳՆ-ի՝ մայիսի 13-ին ՀԱՊԿ Մշտական խորհրդի նիստի ընթացքում ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Վիկտոր Բիյագովը մանրամասն ներկայացրել է ՀՀ Սյունիքի մարզի տարածքում ադրբեջանական կողմի հրահրած սադրիչ գործողությունները եւ դրանց հետեւանքով ստեղծված իրադրությունը՝ ՀԱՊԿ մասնակից պետությունների մայրաքաղաքներին իրավիճակի մասին տեղեկություններ փոխանցելու նպատակով:
Բիյագովը նշել է, որ Ադրբեջանի կողմից սադրանքը ուղղակի ոտնձգություն է ՀԱՊԿ անդամ Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ եւ լրջագույն սպառնալիք տարածաշրջանային անվտանգությանը եւ կայունությանը:
ՀՀ մշտական ներկայացուցիչն ընդգծել է, որ հնարավորինս արագ եւ ողջամիտ ժամկետում Ադրբեջանի զինուժի ստորաբաժանումների՝ Հայաստանի Հանրապետության տարածքից հետ չքաշվելու դեպքում իրավիճակի հետագա էսկալացիայի ամբողջ պատասխանատվությունն ընկնում է ադրբեջանական կողմի վրա:
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը հայտարարություն է տարածել Սյունիքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ:
Հայտարարությունում նշված է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը ստեղծված իրավիճակը հեռախոսով քննարկել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանի եւ Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հետ:
«ՀԱՊԿ-ն ուշադրությամբ հետեւում է Հայաստանի Սյունիքի մարզի սահմանամերձ շրջաններում իրավիճակի զարգացմանը: Հավաքական անվտանգության պայմանագրի եւ ՀԱՊԿ կանոնադրության դրույթների համաձայն՝ իրավիճակի զարգացմամբ պայմանավորված՝ անհրաժեշտության դեպքում գործողություններ կձեռնարկվեն»,- ասված է հայտարարության մեջ: