Չասեք, թե էդ բառի հայերենը «կարգախոսն» է։ Ես դա գիտեմ։ Բայց այն, ինչ տարածում են այսօր, բնութագրվում է հենց օտարահունչ «լոզունգ» բառով։
Արդեն ամենուր փակցվել է «Ապագա կա՛ ապագա» (իրենց կետադրությունն է․ ես մեղք չունեմ) դատարկ ու բովանդակազուրկ լոզունգը։
Միայն լյումպենը, որ չի սիրում խորանալ բառերի էության մեջ եւ ընկալում է ընդամենը դրանց պաթոսը, սա կհամարի հանճարեղ միտք։ Հա, մեկ էլ Ալեն Սիմոնյանի ու ցուցակ մտնելուն անհամբեր սպասող մյուս «ԻՔ»-ականների նման Նիկոլի հլու «վկաները»։
Պատասխանենք մի պարզ հարցի. «Իսկ ո՞վ է ասել, որ ամեն հաջորդ վայրկյանը նախորդի ապագան չի»։ Այ, հենց հիմա, երբ դուք կարդացիք այս տողերը, արդեն ապագայում եք՝ վերնագիրը կարդալու ժամանակի համեմատ։ Հաջորդ տողերը կարդալիս դուք դարձյալ ապագայում կլինեք՝ այս պարբերության համեմատ։ Եվ այսպես շարունակ։
Գրել «Ապագա կա՛ ապագա», նույնն է, թե ասես (թող ներեն ինձ իմ երջանկահիշատակ ուսուցչուհի Լաուրա Խաչատրյանն ու հայոց լեզվի մյուս ուսուցիչները, որ պահել եմ լոզունգասերների կետադրությունը)՝ «ձկները լողո՛ւմ են ձկները», «երկրագունդը պտտվո՛ւմ է երկրագունդը», «դաշտերը կանաչո՛ւմ են դաշտերը» եւ այլն։ Կարծես Նիկոլ Փաշինյանի հրամանով է, որ ձկները լողում են, դաշտերը՝ կանաչում, երկրագունդը՝ պտտվում, ապագան էլ անընդհատ գալիս է։
Ի դեպ, երկրագնդի պտտվելու եւ ապագայի կապի մասին. քանի դեռ երկրագունդը պտտվում է ե՛ւ իր առանցքի, ե՛ւ արեւի շուրջը, ձկները լող են տալու, ծառերը կանաչելու են, ապագան էլ գալու է՝ անկախ Փաշինյանի, Բայդենի, Պուտինի կամ Մերկելի կամքից։
Առաջիկա ընտրություններում նման լոզունգների պակաս չի լինելու, եւ ամենակարեւորը՝ նման մակարդակի են լինելու ոչ միայն լոզունգները, այլեւ հնարավոր հեռակա կամ դեմ առ դեմ (կասկածում եմ, թե սա կստացվի կազմակերպել) բանավեճերը։
Խուսափեցի «քաղաքական բանավեճ» գրելուց, որովհետեւ այն, ինչ այս օրերին հնչեցնում են իրենց քաղաքական համարող ուժերը, այն, ինչ դեռ հնչեցնելու են մինչեւ հունիսի 20-ը ու դեռ դրանից հետո էլ, բնավ կապ չունի քաղաքականության հետ։
Նրանք բանավեճը իջեցրել են շրիշակի եւ հատակի հատման կետի մակարդակի։
Ընդդիմություն կոչվածը Փաշինյանին անվանում է «դավաճան», «կապիտուլյանտ», «հողատու» եւ այլն, Փաշինյանն էլ, օգտագործելով իրեն իբր թե չընտրելու նիստում ելույթ ունենալու հնարավորությունը, ԱԺ ամբիոնից հայտարարում է. «Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան եւ մյուսներ, էլ ո՞վ կա, դուք եք դավաճանը, հողատուն, կապիտուլյանտը»։
Իսկ եւ իսկ լվացքի՝ համատեղ օգտագործման պարանի համար դեմ դիմաց պատուհաններից իրար վրա գոռացող երկու հարեւանուհի. «Մարդուդ ծակ տրուսիկները հանի՛ր պարանից, ա՛յ դուրս ընկած»։ «Դուրս ընկածը դու ես, մարդուդ բաց քամակի՛ն նայիր»։ Դե, կամ էլ բակում նույն կանանց երեխաների «բանավեճի» նման՝ «ասածներդ հետ գան, լցվեն ծոցդ»։
Էս մակարդակի են լինելու լոզունգներն ու կարգախոսները։
Քայլ առ քայլ ուսումնասիրե՛ք Փաշինյանի՝ վարչապետ դառնալուց հետո անցած երեք տարվա արածները եւ կտեսնեք՝ մեկին մեկ համապատասխանում են անհաղթ հերոս Քաջ Նազարի «կարիերային», «լոզունգներին» ու «նազիր-վեզիրների» հետ հարաբերություններին։ Ընդ որում՝ Ուստիանն էլ կա ու ակտիվ դերակատարում ունի։
Ուստի մի լոզունգ էլ ես առաջարկեմ առողջ ու մտածող ուժերի համար. «Մերժե՛նք քաջնազարականությունը»։
Ընդսմին, «քաջնազարականությունը» վերաբերում է էսօր իշխանության համար պայքար մղող համարյա բոլոր ուժերին՝ Կառավարության կամ ԱԺ-ի շենքում նիստ անողներին, կառավարական «դաչաներում» թաքնվածներին ու նրանց դեմ ցույց անողների ղեկավարներին։
Ցավոք, իմ առաջարկած լոզունգը չի աշխատելու, որովհետեւ ժողովուրդը դեռ մեկի կամ մյուսի մեջ փրկիչներ, այսինքն՝ նոր «քաջնազարներ» է որոնում…
Հիմա որ ասեմ՝ ապարդյուն, կդառնամ հոռետեսների հոռետեսը։
Բայց, դե, էդպես է։
Ասո՛ւմ եմ՝ ապարդյո՛ւն փնտրտուք է։
Հ. Գ. Ես միտումնավոր չանդրադարձա միակ քաղաքական խոսքի՝ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի միանգամայն սթափ առաջարկի վերաբերյալ Փաշինյանի արձագանքին, որովհետեւ վարչապետի աթոռին կառչած սույն անձը ցույց է տվել, որ ինքը որեւէ նորմալ խոսք ընկալել, առավել եւս վերլուծել չգիտի։ Նա սեփական «հանճարեղությունից» ու «աննախադեպությունից» բացի այլ բան չի ընդունում։ Ընդհանրապես, այս մարդուն որեւէ բան բացատրելն իմաստ չունի. նա մի գրամ անգամ չի աճել դպրոցում սովորած ոտանավորը հատուկ պաթոսով արտասանելու մակարդակից։ Իսկ էդ ոտանավորներից անդին գործի ու գործունեության իսպառ բացակայությունն է։
Լրագրող, խմբագիր, փորձագետ, լրագրության ուսուցիչ։ Նրա կենսագրությունը սկսվել է նախորդ դարի 80-ականներին Հայաստանի Մեղրու շրջանի «Արաքս» թերթից ու շարունակվել մեդիայի կայացման խառնարանում։ Հեղինակ է պատմվածքների ու վեպերի հինգ գրքի եւ լրագրողական էթիկայի ուսումնական ձեռնարկի։