ԱԺ նախկին պատգամավոր, ադրբեջանագետ Տաթեւիկ Հայրապետյանը տելեգրամյան ալիքի իր գրառման մեջ հայտնել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրահանգով նրա թիմակից ՔՊ-ականներն արդեն անցել են «Արեւմտյան Ադրբեջան» կոնցեպտի մատուցմանը: «Ինչպե՞ս: Սկսում են ձեր ականջներին կաթեցնել այն, որ ադրբեջանցիները մի օր պետք է գան, դա նորմալ է, ձեռքի հետ կտեր տալիս, թե իբրեւ մենք էլ հետ կգնանք Բաքու, այն դեպքում, երբ Լեռնային Ղարաբաղում էլ հայ չկա ապրող»,-նշել է ադրբեջանագետը։
Հայրապետյանը հիշեցրել է, որ Հայաստանը միջազգային դատարանում դատական հայց է ներկայացրել ընդդեմ Ադրբեջանի՝ մեղադրելով ռասիստական պետություն լինելու համար։ «Դրա համար մի ամբողջ փաթեթ փաստեր են հավաքել։ Հիմա եկել, համոզում են, որ դուք՝ հայերդ, խելոք կապրեք այդ ռասիստական երկրում։ Պարզ է, չէ՞, թե այս հեքիաթը որ ժանրից է»,- գրում է նախկին խորհրդարանականը։
Հայրապետյանի խորին համոզմամբ՝ «սա մոտավոր այն ժանրից է, որ Արցախի նշաձողն իջեցնում ենք, որ միջազգային կոնսոլիդացիա լինի, այն ժանրից, որ Արցախը հանձնում ենք, որ իրավունքներ ու անվտանգություն լինի, իսկ այդ ամենն ավարտվեց պատերազմով, էթնիկ զտմամբ ու հայրենազրկմամբ»։
Ըստ նրա՝ նույն քաղաքականությունը ներկայում կիրառվում է Հայաստանի նկատմամբ: «Ընդ որում դա արվում է ավելի արագ, քան ես պատերացնում էի»,- ահազանգում է Տաթեւիկ Հայրապետյանը։
Նախկին խորհրդարանականը կոչ է անում մոբիլիզացնել ուժերը, քանի ժամանակ կա, քանի բանը բանից չի անցել, եւ կանխել մոտալուտ աղետը՝ զգուշացնելով, որ հետո ուշ է լինելու: Հակառակ դեպքում, ըստ նրա, «եթե պետություն չունենանք, հարյուր տարի հետո ոչ մեկին հետաքրքիր չի, թե մեկս մյուսիս ոնց էինք վերաբերվում, ով էր սխալ կամ ճիշտ, բոլորիս մասին ասելու են անուղեղ չպայքարողներ, որոնք հետեւում էին սեփական պետության անկմանը ու ոչինչ չեն արել կանխելու համար…»,- նշում է ԱԺ նախկին պատգամավորը: