Քաղաքի եւս մեկ խանութում դրված ժենգյալով հացի սկուտեղը հուշում է, որ տարածքում արցախցի ընտանիք է հաստատվել. Անանյաններն են՝ Մարտակերտի շրջանի Մեծ Շեն գյուղից։ Արցախից բռնի տեղահանության ու գաղթի ճանապարհի նրանց պատմությունն էլ մյուսներից գրեթե չի տարբերվում․ հայրենի գյուղին վերջին հրաժեշտը տալու շատ քիչ ժամանակ, ապա՝ դեպի քաղաք անորոշ ու տագնապած, Ստեփանակերտի նկուղներում սպասման մի քանի օր ու վերջ․․․ Արցախն առանց իրենց, իրենք էլ առանց Արցախի մնացին, նաեւ՝ առանց համագյուղացիների։
Մեծ Շենից մինչեւ Գորիս հարեւաններով միասին են եղել․ գյուղապետն ու շենի տղամարդիկ ամեն ինչ, ինչպես հարկն է, կազմակերպել են։ Բայց արդեն Գորիսում ճշտվել են բեռնատարի թափքում Հայաստան հասած արցախցիներից շատերի հասցեները։ Անանյաններն էլ այդտեղ են կանգ առել։
«Սաղ գյուղը ցրված ա. էրկու ընտանիք՝ Խարբերդում, իրեքը՝ Մեծամորում, էրկու ընտանիք էլ՝ Այգեստանում՝ Դվինա կողքին»․ տիկին Կարինեն հուսահատ թվարկում է, հետո ասում, որ «սոցապում» մարտակերտցիների է տեսել՝ Գյուլաթաղից եւ Կուսապատից, որոնք հիմա «հանքի գյուղում»՝ Թեղուտում են հաստատվել։ Որոշել է՝ Արմինեին (սոցիալական աշխատողին) հենց պատահի, հարցնելու է՝ Մարտակերտի շրջանի գյուղերից ո՞վ կա։ Թե չէ «մարդու հետ չեն շփվում», մենակ են մնացել։
Նրանց բաժին Հայաստանը հիմա Ալավերդին է՝ քաղաքի կենտրոնի երկսենյականոց բնակարանով, որի համար մեծ դժվարությամբ 100 հազար դրամ վարձ են տալիս։ Մինչեւ գարուն դեռ պիտի վճարեն․ պայմանագիր են կնքել։ Հետաքրքրվում են ու զարմանում՝ տեղի արցախցիների մեջ իրենց նման երկրորդը չկա, որ տան համար այսքան մեծ գումար վճարի։
Վարձով բնակարանի հայտարարությունը համացանցում են գտել եւ ցրտաշունչ ձմեռներով Գորայքից Հայաստանի հյուսիսի տաք անկյուններից մեկը տեղափոխվել։
«Հարցուփորձ ենք արել, ասել են, որ եղանակը շատ չի ցրտում, մեր Ղարաբաղի կլիման ա։ Ալավերդու տաքությունը, բնությունը մեր գյուղին, մեր Ղարաբաղին շատ ա նման»,- ասում է ընտանիքի հարսը՝ 21-ամյա Վալենտինան, որ մասնագիտությամբ գրադարանավար է, գյուղի կյանքի մեծ սիրահար։ Այստեղ էլ սիրով գոմ կմտներ, այգի կմշակեր, միայն թե լիներ այդ հնարավորությունը։
Տեղափոխվելուց առաջ կլիմայից բացի նաեւ աշխատանքի մասին են մտածել․ քաղաք է, ուրեմն գործ էլ կլինի։
Ժենգյալով հացի գործը հարս ու սկեսուր ստիպված են սկսել․ միայն պետության կողմից ստացած աջակցության գումարով հինգհոգանոց ընտանիքին կերակրել չէր լինի։
Ալավերդու կենտրոնի պատշգամբներից մեկում ամեն օր լույսը բացվելուն պես Արցախի համն է «խմորվում», որ հետո խանութներ ու տեղի մարդկանց տներ մտնի։ Ժենգյալով հացի մեջ դրված սերն ու պատրաստման եղանակն այստեղ էլ նույնն են՝ չհաշված էլեկտրական սալօջախով փոխարինված փայտի վառարանը։ Նաեւ տրամադրությունը, մեկ էլ բաղադրությունն են մի քիչ ուրիշ։
Տիկին Կարինեն ասում է՝ լսել են, որ ժենգյալի բոլոր կանաչիներն այստեղ էլ կան, բայց հիմա բավարարվում են շուկայում եղածով, մինչեւ «անտառի սեզոնը» բացվի, ու կնձմնձուկը, ճռճռուկն ու թրթնջուկն ավելանան եղածին։
«Շատ եկամուտ չունենք, որովհետեւ այստեղ շատ ենք ծախսում, կանաչիներին փող ենք տալիս, ամեն ինչն առնում ենք։ Սոխ, սխտոր, համեմ, սամիթ, ճակնդեղի, հազարի թերթեր․․․ ինչն անտառում չկար, էնտեղ ցանում էինք։ Մենակ ալյուրին ու ձեթին էինք փող տալիս»,- պատմում է Վալենտինան։
Վաճառքից դժգոհ չեն, մի օր լավ է, մի օր՝ ոչ այնքան։ Բայց չեն հուսահատվում, ուրախանում են, որ Արցախի՝ տեղացիներից շատերին անծանոթ ժենգյալով հացը իրենց ձեռքով է պատրաստվում ու տարածվում։ Եվ գուցե գա մի օր, որ արցախցու համար հանապազօրյա դարձած այս հացը տեղացիների համար էլ նույն նշանակությունն ունենա։
Խնամքով մասերի բաժանված հացն ու գինին սեղանին են, զրույցը՝ գրեթե ավարտված։ Կարճ հարցերն են մնացել՝ Արցախում թողածի, այստեղ չգտածի եւ մնալ-չմնալու մասին։
Բռնի տեղահանության խառնաշփոթի պահին Անանյանները չեն հասցրել վերցնել տան, հողամասի փաստաթղթերն ու ընտանեկան՝ բոլոր ժամանակների լուսանկարները։ Նկարվել դեռ կհասցնեն, որտեղ էլ լինեն, տուն եւ ապրուստ էլ զրոյից կստեղծեն, կունենան, միայն տան բացակա անդամներին է՛լ երբեք չեն կարողանա այցելել։
Քաղաքի կենտրոնի՝ ուրիշից վարձակալած թանկ տունը Մեծ Շենից եկած Անանյանների համար, պարզ է, օջախ չի դառնա։ Մտադիր են տեղափոխվել, հենց որ պայմանագրի ժամկետը լրանա։ Թե ուր կգնան հետո, հայտնի չէ, միայն թե մի կտոր հող ու թեկուզ փոքր շեն լինի։
Մասնագիտությամբ լրագրող եմ։ 15-ամյա աշխատանքային գործունեությանս մեծ մասն անցել է հեռուստատեսության ոլորտում՝ Ալավերդու «Անկյուն+3» հեռուստաընկերությունում։