Ըստ Euronews-ի՝ իսրայելցիների ու պաղեստինցիների հակամարտության թեժացմանը զուգընթաց Գազայի հատվածում ավիահարվածների զոհ է դարձել 83 պաղեստինցի, նրանցից 17-ը՝ երեխա: Իսրայելական կողմն ունի 7 զոհ, այդ թվում՝ վեցամյա երեխա եւ 1 զինվորական: Երկու կողմում էլ հարյուրավոր վիրավորներ կան:
Գազայի հատվածից իսրայելական տարածքի ուղղությամբ արձակվել է շուրջ 1750 հրթիռ, որոնցից մոտ 300-ը պայթել է պաղեստինյան տարածքում:
Իսրայելը զորամիավորումներ է կուտակել Գազայի հատվածի սահմանին՝ պատրաստ լինելով լարվածության սրմանը: Մարտական պատրաստության է բերվել 3000 պահեստային զինվորական։
Մերձավոր Արեւելքում ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Թուր Վեննեսլանդը կողմերին կոչ է արել անհապաղ դադարեցնելու կրակը։ «Մենք լայնածավալ պատերազմի ենք գնում։ Երկու կողմի առաջնորդները իրավիճակը լիցքաթափելու պատասխանատվություն պետք է ստանձնեն»։
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Իսրայելի վարչապետ Բինիամին Նեթանյահուի հետ հեռախոսազրույցում դատապարտել է ՀԱՄԱՍ-ի կողմից բռնությունները, միաժամանակ ընդգծել, որ Իսրայելը պետք է խուսափի խաղաղ բնակչության շրջանում զոհերից։ Շուտով տարածաշրջան կմեկնի ԱՄՆ Պետդեպի ղեկավարի տեղակալ Հադի Ամրը՝ պաղեստինցիների եւ իսրայելցիների ներկայացուցիչների հետ հանդիպելու համար։
Մոսկվան կոչ է արել անհապաղ Մերձավորարեւելյան քառյակի (ԱՄՆ, ԵՄ, ՄԱԿ, Ռուսաստան) նիստ գումարել։
ՌԴ ԱԳՆ-ն հայտնել է, որ ՌԴ ԱԳՆ փոխնախարար Միխայիլ Բոգդանովը եւ ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի փոխնախագահ Մուսա Աբու Մարզուկը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում Մարզուկն ասել է, որ շարժումը պատրաստ է դադարեցնելու ցանկացած ռազմական գործողություն Իսրայելի դեմ փոխադարձ հիմունքներով՝ հուսալով, որ միջազգային հանրությունը անհրաժեշտ ճնշում կգործադրի իսրայելական կողմի վրա՝ Արեւելյան Երուսաղեմի «Ալ Աքսա» մզկիթի համալիրում եւ բնիկ արաբ բնակիչների հանդեպ ուժային գործողությունները կասեցնելու համար»։