Հայաստանի եւ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարները հանդիպել են ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի 30-րդ հանդիպման շրջանակում։ Դրա մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Սկոպյեում Արարատ Միրզոյանի եւ Սերգեյ Լավրովի հանդիպմանը քննարկվել են Երեւանի, Մոսկվայի եւ Բաքվի միջեւ եռակողմ համաձայնագրերի իրականացման, ինչպես նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրի ստորագրման հնարավորությանն առնչվող հարցեր:
ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ընթացքում ընդգծել է, որ անհրաժեշտ է Ադրբեջանի հստակ, հանրային դիրքորոշումը տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման, 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի եւ ԽՍՀՄ ամենաթարմ, լեգիտիմ քարտեզների հիման վրա սահմանազատման հետագա գործընթացի ապահովման հարցում:
Իր հերթին ՌԴ արտգործնախարարը հավաստիացրել է, որ Ռուսաստանը պատրաստ է նպաստելու հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը:
Լավրովի բազմանշանակ ռեպլիկը
Հանդիպման սկզբում Լավրովը Միրզոյանին հարցրել է՝ թե ձեր դեսպանը ինքնուրո՞ւյն է աշխատում Վիեննայում, առանց՝ ղեկավարության հրահանգների՞: Լավրովի ակնարկն, ըստ ամենայնի, վերաբերում է Վիեննայում եւ ԵԱՀԿ-ում Հայաստանի դեսպանին. ռուսական լրատվամիջոցները, մասնավորապես, РИА Новости-ն գրում են, թե Եվրոպայում Հայաստանի դեսպանները «փորձելով ստանալ Արեւմուտքի աջակցությունը՝ ակտիվորեն մասնակցում են հակառուսական գործունեությանը»։