Դու անուն չես սոսկ երգելու համար,
Դու հող չես, լեռ ես, երկինք ես, օդ ես,
Անտառ ես կանգուն ու այգի դալար,
Դու սրտերի մեջ սեր ես ու կարոտ:
Վ. Օվյան
Աշխարհում միլիոնավոր արահետներ կան, բայց իմ հոգին հենց քեզ է կանչում, շուրթերիցս միայն քո անունն է հնչում:
Ա՜խ, հայրենի՛ իմ տուն, իմ Դիզա՛կ: Հին է պատմությունդ, պինդ է պայքարդ, անկոտրում է ոգիդ, եւ գեղեցիկ՝ բնաշխարհդ: Հարավից քեզ իրենց գիրկն են առել զմրուխտյա դաշտավայրերը, իսկ հյուսիսում են գտնվում սաղարթախիտ անտառները եւ սեգ լեռները, որոնք, ասես, այստեղ ապրող ժողովրդի մասին են խոսում: Հենց այստեղ է վեր խոյանում շրջանի զարդը՝ Դիզափայտը, որը տարածաշրջանի ամենաբարձր լեռնագագաթն է: Տարբեր առասպելներ եւ ավանդազրույցներ պատմում են լեռան բուժիչ եւ հրաշագործ հատկության մասին: Անձամբ ճաշակելով Դիզափայտի վայելչությունը՝ վստահ կարող եմ ասել, որ լեռը բարձրանալիս կարծես շունչդ բացվում է, անհնար է անտարբեր անցնել վայրի, բայց միաժամանակ նրբագեղ ծաղիկների կողքով, հոգիդ ապաշխարություն է խնդրում, այս բարձրությունից ամեն ինչ փոխում է իր արժեքը: Բոլորիս հարազատ մեր բնօրրանը տարբերվում է իր բարբառի քաղցրությամբ: Սերնդեսերունդ մեզ են հասել Հադրութի բարբառին բնորոշ ասացվածքներ, ինչպիսին են՝ «Հլեվորեն սըրտը միշտ լենաինիս, միշտ պեցա ինիս», որտեղ նշմարվում է ալեւոր մարդու մշտավառ բարեգթությունը, «Հափուռդ բիդի վեչ պենդ կապիս, վեչ էլ լոխ պենաս, վեր համ քինի, համ էլ կյա», այստեղ էլ հիմնական միտքը ժլատության եւ առատաձեռնության չափանիշները պահպանելու մեջ է: Հադրութի պատկերավոր հայելին նրա տեսարժան վայրերն են, ինչպիսիք են Գտչավանքը, Ազոխի քարանձավը, Օխտը դռնի վանքը,Կատարո վանքը եւ Եգանյան Մելիք իշխանների պալատը: Դարեր շարունակ Դիզակը ենթարկվել է օտար զավթիչների ավերածություններին, սակայն դրսեւորելով համառ կամք՝ չի հանձնվել եւ շարունակել է ծաղկունք ապրել։
Դիզա՛կ, դու թանգարա՛ն բաց երկնքի տակ, դու անառի՛կ ամրոց, դու շեն մի դրախտավայր, դեռ կքայլեմ քո արահետներով՝ հիշողությունների պարկը ձեռքիս, իսկ դու այն երբեմնի սիրով կառնես ինձ քո գիրկը։
Հադրութի Մ. Մանվելյանի անվ․ միջնակարգ դպրոց, 10-րդ դասարան
«Վերադարձ դեպի Դիզակ» հասարակական կազմակերպությունը, Ալիք Մեդիան եւ «Անալիտիկոն» հանդեսը դիմել են Արցախի Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ երեխաների՝ առաջարկելով շարադրել հայրենի բնակավայրերի մասին իրենց հուշերն ու վերապրումները։ Ալիք Մեդիան ամենօրյա պարբերականությամբ կհրապարակի հադրութցի երեխաների շարադրությունները։ Հեղինակները կպարգեւատրվեն մրցանակներով եւ խրախուսական նվերներով։