Ալավերդու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը անվստահություն է հայտնել համայնքի ղեկավար Արկադի Թամազյանին։ Սրա մասին Թամազյանը երեկ հայտնել է Ֆեյսբուքի իր էջում։
ՔՊ-ի այս քայլը Թամազյանը օրենքի խախտում է համարում, նշում նաեւ, որ տարաբնույթ հերյուրանքներից, սուտ եւ մտացածին խոսակցություններից հետո այն սպասելի էր։
«Սակայն այստեղ իրապես ցավալի է մեկ հանգամանք՝ բնակչության վստահության շնորհիվ ավագանու անդամի կարգավիճակ ստացած, սակայն անձնական շահի եւ ցանկությունների կատարման համար օգտագործված առնետի ընտրած ճանապարհը։ Բոլորս գիտենք՝ առնետի ճանապարհն ավարտվում է թակարդում»,- նշել է Ալավերդու համայնքապետը, ապա հավելել, որ շարունակելու է աշխատել ի շահ Ալավերդի համայնքի եւ բնակչի։
Հարկ է նշել, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը բոյկոտել է աշնանային ամբողջ նստաշրջանը։ Տարվա ընթացքում ընդհանուր առմամբ չի կայացել յոթ՝ 4 հերթական եւ 3 արտահերթ նիստ։
2022-ի սեպտեմբերի 25-ին Ալավերդիում անցկացված ՏԻՄ ընտրություններում «Ապրելու երկիր» եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները ստացել էին 13-ական մանդատ։ Ընտրություններում անցողիկ շեմը չհաղթահարած «Հայ ազգային կոնգրեսը» 1 մանդատ էր ստացել․ օրենքի համաձայն՝ համայնքի կառավարումը պետք է կազմված լիներ 3 ուժից։
Հոկտեմբերի 2-ին «Ապրելու երկիր» եւ «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունները հուշագիր էին ստորագրել եւ որպես մեծամասնություն միասնական թեկնածու առաջադրել Արկադի Թամազյանին։
Հոկտեմբերի 12-ին Ալավերդու նորընտիր ավագանու առաջին նիստում «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածու Արկադի Թամազյանը համայնքապետ էր ընտրվել։