Մեզնից յուրաքանչյուրը ծնվում է կյանքի որոշակի սցենարով օժտված։ Իզուր չեն ասում, որ ճակատագրից չես կարող փախչել։ Ոչ ոք չի կարող գուշակել, թե իրեն ինչ ճակատագիր է սպասում։ Ոչ ոք չգիտի՝ ինչու ես մնացի անհայրենիք, միգուցե սա ճակատագրի դաժան կատակ է։ Ճակատագիրը մեզ բոլորիս հասցրեց մի կետի, որ կա՛մ պետք է հավերժ տառապեինք՝ լինելով զրկված հարազատ հողից ու տնից, կա՛մ պետք է շարունակեինք կյանքի ուղին՝ մոռանալով ամեն ինչ։
․․․Սակայն մոռանալու համար ուժ է հարկավոր։ Ախր ինչպես կարելի է մոռանալ ըմբոստ ու վիթխարի լեռները, որոնց նայելիս իմ մեջ դրական էներգիա էր առաջանում, նեղ-նեղ փողոցները, որտեղով քայլելիս խորասուզվում էի երազանքների մեջ։
Ախր ինչպես կարելի է մոռանալ լեռներով շրջապատված իմ հայրենիքը․ գարնանը՝ փթթող ու կանաչ, ամռանը՝ փայլող, աշնանը՝ աննկարագրելի տերեւաթափով, իսկ ձմռանը՝ ձյունով ծածկված։ Այն տեղը, որտեղ մենք ապրում էինք, ունի բազմադարյան պատմություն։ Այն տեղը, ուր երկու գետի խառնումից մի քաղաք կար, որտեղ սիրտս հանգիստ էր, որտեղ ես ինձ լիարժեք էի զգում, այլեւս չկա։
Կռահեցի՞ք, թե որ քաղաքն է։ Այո՛, դա Հադրութն է՝ պատմական Դիզակը, որը կարծես թանգարան լինի բաց երկնքի տակ։ Այնտեղ են վանքերն ու եկեղեցիները, հին բնակավայրերն ու ամրոցները։ Այստեղի վանքերն ու եկեղեցիները հերիք են՝ սրտիդ մեջ պահելու այս քաղաքը։ Այստեղի հուշարձանների վրա փորագրված արձանագրությունները Հադրութի պատմության էջերն են՝ հադրուդցիները անցյալի նկարագրող, ինչպես նաեւ նրանց կենաց-մահու պայքարը։
․․․Հադրու՜թ։ Դու հների մեջ ամենահինն ես, նորերի մեջ՝ ամենանորը, մեծերի մեջ՝ ամենամեծը, փոքրերի մեջ՝ ամենափոքրը։ Հադրությում ե՛ւ հնության շունչ կար, ե՛ւ նորության։ Հնության ու նորության խորհրդանիշն է Դիզափայտի կատարին գտնվող «հրաշքը», որը հին է, բայց բոլորին թվում է, թե նոր է։ Սիրտս մղկտում է, երբ մտածում եմ, որ անկարող եմ տեսնել Կատարո սրբավայրը, աննկարագրելի բնությունը, այնտեղից բացվող հրաշալի տեսարանն ու ծաղիկները։
Այո՛, ճիշտ է, մենք հիմա չենք ապրում մեր հայրենիքում, սակայն այդ հայրենիքը կրում ենք մեր էության մեջ։
Հադրութի Մ․ Մանվելյանի անվ․ միջնակարգ դպրոց, 11-րդ դասարան
«Վերադարձ դեպի Դիզակ» հասարակական կազմակերպությունը, Ալիք Մեդիան եւ «Անալիտիկոն» հանդեսը դիմել են Արցախի Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ երեխաների՝ առաջարկելով շարադրել հայրենի բնակավայրերի մասին իրենց հուշերն ու վերապրումները։ Ալիք Մեդիան ամենօրյա պարբերականությամբ կհրապարակի հադրութցի երեխաների շարադրությունները։ Հեղինակները կպարգեւատրվեն մրցանակներով եւ խրախուսական նվերներով։