Դեկտեմբերի 1-ին Սկոպյեում ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պիա Լիիսա Կաումանի հետ:
Զրուցակիցներն անդրադարձել են ԵԱՀԿ գործունեությանն առնչվող հարցերի՝ հաշվի առնելով նախորդ շաբաթ Երեւանում հաջողությամբ անցկացված ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանի քննարկումները։
Նախարարը նշել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ավելի քան ինն ամիս անմարդկային շրջափակումից հետո սեպտեմբերի 19-ի լայնածավալ հարձակման փաստը եւ դրանից հետո հայրենիքից ԼՂ ամբողջ հայ բնակչության բռնի տեղահանումը։
Անդրադառնալով Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին եւ կարգավորման պայմանագրի նախագծի վերաբերյալ ՀՀ առաջարկների փաթեթի հիմնական սկզբունքներին՝ Արարատ Միրզոյանը նշել է, որ վերջին շրջանի բարձրաստիճան հանդիպումներին, որոնք թույլ կտային քննարկումների ընթացքում գրանցել որոշակի առաջընթաց, Ադրբեջանը հրաժարվել է մասնակցելուց։
Ընդգծելով տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման հարցում ՀՀ շահագրգռվածությունը՝ նախարար Միրզոյանը մանրամասներ է ներկայացրել ՀՀ Կառավարության մշակած «Խաղաղության խաչմերուկ» նախագծի վերաբերյալ՝ ընդգծելով, որ բոլոր շահագրգիռ կողմերը պետք է գիտակցեն առկա հնարավորություններն օգտագործելու կարեւորությունը։