Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, խոսելով իսրայելապաղեստինյան բախումների մասին, հայտարարել է, որ Իսրայելին հակազդելու համար Անկարան նախաձեռնություններ է սկսել՝ բոլոր միջազգային կառույցներին, հատկապես Իսլամական համագործակցության կազմակերպությանն ու ՄԱԿ-ին գործողությունների մղելու առումով։
«Երուսաղեմի հարձակումները ոչ միայն այնտեղի ժողովրդի, այլեւ Մեքքայում Քաաբայի շուրջը պտտվող, Մադինայում մարգարեին ներկայացող բոլոր մահմեդականների խնդիրն է, այդ հարձակումները Ստամբուլում, Դիարբեքիրում, Բաղդադում, Կահիրեում, Իսլամաբադում, Ջակարտայում, Կուալա Լումպուրում, Բաքվում ու Սարաեւոյում ապրող ամեն մի մահմեդականի հարցն է»,- շեշտել է Էրդողանը։
Թուրքիայի նախագահը հավելել է, որ Անկարան պահանջում է անմիջապես դադարեցնել Երուսաղեմում Ալ-Աքսայի մզկիթի ու մահմեդականների դեմ իրականացվող ստոր հարձակումները:
«Մենք ակնկալում ենք, որ վերջ կդրվեն այն ճնշումներին, որոնք ուղղակիորեն կամ անուղղակիորեն հանգեցնում են պաղեստինցիների՝ տների ու հայրենիքի կորստին»,- եզրափակել է Էրդողանը՝ հավելելով, որ Երուսաղեմն ու մահմեդականներին պաշտպանել չփորձող աշխարհը քաշել է ինքնաոչնչացման ռումբի պայթուցիչի օղակը:
Ավելի վաղ Էրդողանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում ասել է, որ միջազգային հանրությունը ուժեղ ու զսպող դաս պետք է տա Իսրայելին։ Թուրքիայի նախագահը նշել է, որ կարեւորում է Երուսաղեմում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ Ռուսաստանի ու Թուրքիայի հայացքների համընկնումները:
Էրդողանը նաեւ ընդգծել է, որ հետագա էսկալացիան կանխելու համար կարեւոր է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը միջամտի այդ հարցին եւ Իսրայելին հարձակումների դադարեցման մասին վճռական ու հստակ ազդանշաններ տա: