Ամերիկացի լրագրող Մայքլ Ռուբինը Washington Examiner կայքում հետաքրքիր տեսակետ է հայտնել անցած սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած էթնիկ զտման վերաբերյալ։ «Ալիք Մեդիան» ներկայացնում է հոդվածի համառոտ տարբերակը։
Ընդամենը հինգ օր անց, երբ պետքարտուղարի օգնականի պաշտոնակատար Յուրի Քիմը Սենատի հանձնաժողովին ասաց, որ Միացյալ Նահանգները չի հանդուրժի որեւէ ռազմական գործողություն Լեռնային Ղարաբաղի քրիստոնյա ժողովրդի դեմ, Ադրբեջանի բռնապետն իր բանակին հրամայեց հարձակվել:
Երբ ադրբեջանական ուժերը տարածաշրջանի 120,000 տղամարդկանց, կանանց եւ երեխաներին հարկադրեցին գաղթել, դադարեց գոյություն ունենալուց աշխարհի հնագույն քրիստոնեական համայնքներից մեկը:
Անշուշտ, Պեկինից մինչեւ Բաքու բռնապետները նախագահ Ջո Բայդենի թուլությունն ու շփոթմունքը մեկնաբանում են որպես ագրեսիայի համար կանաչ լույս:
Ուշադրության է արժանի ադրբեջանցի ակադեմիկոս Գուբադ Իբադօղլուի դեպքը։ Անցյալ ամառ Ալիեւի հրամանով ձերբակալված Իբադօղլուն տանջվում է բանտում, նրան զրկում են բժշկական օգնությունից եւ շաքարախտի ու սրտի հիվանդության դեմ տարրական դեղամիջոցներից։
Իբադօղլուն կատաղի ընդդիմադիր չէր. ավելի շուտ, նա զգուշավոր հետազոտող էր, որի գրվածքները հուշում են, թե ինչու է Ալիեւը հուսահատ ուզում լռեցնել նրան:
Իբադօղլուն ղեկավարում է Տնտեսական հետազոտությունների կենտրոնը։ Վերլուծական կենտրոն, որը նա ստեղծել է մակրոտնտեսական քաղաքականությունն ու լավ կառավարումն ուսումնասիրելու համար: Իբադօղլուի զեկույցները փաստում են, թե ինչպես է Ալիեւը գրավել Լեռնային Ղարաբաղում գյուղատնտեսական նշանակության հողերն անձնական շահի համար:
Նա հրահանգել է սեփական սակրավորներին ականազերծել միայն այն հողերը, որոնք իր շահերի շրջանակում են՝ հասարակ ադրբեջանցիներին թողնելով անօգնական:
Նրա նպատակը մենաշնորհն է։ Իբադօղլուն փաստում է, թե ինչպես Ադրբեջանի կառավարությունը թույլ չի տալիս այլ ֆերմերների աշխատել Ղարաբաղում։
«Ղարաբաղում հողեր վարձակալող բոլոր ընկերությունները կա՛մ նախագահի ընտանիքին են պատկանում, կա՛մ բարձրաստիճան պաշտոնյաներին»,- ասում է նա։ Հետեւաբար Ալիեւի քարոզչությունը, թե նա Ղարաբաղն ազատագրել է շարքային ադրբեջանցիների համար, ուղղակի սուտ է.
Նույնը նաեւ շինարարության ոլորտում է: Ինչպես նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն արեց Թուրքիայում, նույն կերպ Ալիեւը կրկնակի շահույթ է ստանում՝ նախ միլիարդավոր դոլարներ ուղղելով իր շինարարական ընկերություններին, հետո ստիպելով նրանց, ովքեր ձգտում են ադրբեջանական պայմանագրեր ձեռք բերելու, վճարելու չափազանց մեծ վարձավճար:
Ալիեւն ու նրա քարոզիչները կարող են որպես մանտրա կրկնել՝ «Ղարաբաղը Ադրբեջան է», բայց Ադրբեջանը նախկինում երբեք ամբողջությամբ չի վերահսկել տարածաշրջանը։ Այս պատմական իրողությունն է պատճառը, որ Ադրբեջանի ղեկավարն այդքան դժվարությամբ է ադրբեջանցիներին ստիպում Ղարաբաղում բնակություն հաստատել։
Մի օր հայերը կվերադառնան, եւ թուրքերն ու ադրբեջանցիները կվերադարձնեն իրենց իշխանավորների գողացած փողերը: Մինչ այդ ամոթը նրանցն է, ովքեր նպաստում են նման սխեմաներին ոչ միայն Անկարայում եւ Բաքվում, այլեւ Վաշինգտոնում, Լոնդոնում, Երուսաղեմում։