«Իսրայելա-պաղեստինյան հակամարտության լուծմանը հասնելու համար ահաբեկչական կազմակերպությունները պետք է զինաթափվեն»,- արաբ քաղաքական գործչի համար շատ անսովոր հայտարարությունն արել է պաղեստինյան RAAM կուսակցության ղեկավար Մանսուր Աբբասը։
Դեկտեմբերի 2-ին CNN-ին տված հարցազրույցում Մանսուր Աբբասը հայտարարել է նաեւ, որ «պաղեստինյան ահաբեկչական կազմակերպությունները բազմիցս ընտրել են բռնությունն իրենց նպատակներին հասնելու համար, եւ ամեն անգամ դա ձախողման ճանապարհ է: Իսկ զոհը միշտ էլ Պաղեստինի ժողովուրդն է, որը հատոուցում է այս ամենի համար»,- պարզաբանել է Աբբասը։ Նա հիշեցրել է, որ այս հակամարտության ընթացքում զոհվել է ավելի քան 50 հազար պաղեստինցի:
Աբբասի խորին համոզմամբ՝ հակամարտության կարգավորման հարցում առաջ շարժվելու միակ ճանապարհը բռնի դիմադրության դադարեցումն է եւ Պաղեստինի ինքնավարության ղեկավարությամբ ազգային շարժում ստեղծելը, որը կձգտի ստեղծելու Իսրայելի կողքին խաղաղ գոյակցելու ընդունակ պետություն։ Սա առաջին անգամն է, որ արաբական կուսակցության ղեկավարը նման միտք էր հայտնում։
Հարցազրույցում Աբբասը նաեւ ասել է, որ հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի ներխուժումը Իսրայելի տարածք դեմ է մահմեդական կրոնին եւ մարդկային այն արժեքներին, որոնց ապավինում է իսլամը։ «Անմեղ մարդկանց դեմ ձեռնարկված ցանկացած գործողություն հակասում է մահմեդական օրենքին եւ իսլամի արժեքներին: Մենք դատապարտում ենք նման գործողությունները, դրանք արդարացված չեն։ Երկու տարեկան երեխան չի կարող լինել գործարքի մաս: Ամեն ինչ անելու ենք, որ գերեվարված երեխաները տուն վերադառնան»,- շեշտել է արաբ քաղաքական գործիչը։