ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման կապակցությամբ հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։
«Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման կապակցությամբ Ռուսաստանի կողմից, ինչպես եւ ավելի վաղ Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հետ Լավրովի հեռախոսազրույցի ընթացքում հաստատվել է հրադադարի ռեժիմի խիստ պահպանման, ինչպես նաեւ Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եւ 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարությունների դրույթների անշեղ կատարման անհրաժեշտությունը։
Կարեւորվել է բացառապես քաղաքական-դիվանագիտական մեթոդներով նման բոլոր միջադեպերի լուծումը: Պատրաստակամություն է հայտնվել աջակցել Հարավային Կովկասում իրադրության հետեւողական կարգավորմանը»,- նշված է ՌԴ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ ադրբեջանական դիվերսիայի մասին Երեւանի հայտարարություններին ի պատասխան ՌԴ-ն պաշտոնական հայտարարությամբ Բաքվին չի դատապարտել, Հայաստանին աջակցող պնդումներ չի արել։
Հիշեցնենք, որ ՀՀ արտգործնախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի եւ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հեռախոսազրույցը տեղի է ունեցել երեկ։ Այվազյանն իր գործընկերոջը տեղեկացրել է Հայաստանի պետական սահմանին տեղի ունեցած վերջին միջադեպի մասին եւ նշել ադրբեջանական կողմից նման սադրանքների հրահրման անթույլատրելիությունը:
Երկուստեք կարեւորվել է տարածաշրջանային անվտանգության եւ կայունության շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների լիարժեք կատարումը եւ իրադրության սրումը կանխարգելող քայլերի համադրումը:
Արա Այվազյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել նաեւ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ։ Այվազյանը անթույլատրելի է համարել ՀԱՊԿ-ի անդամ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից ոտնձգության փորձը՝ նշելով, որ դա լուրջ սպառնալիք է նաեւ տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նմանօրինակ իրավիճակներում Հավաքական անվտանգության պայմանագրի դրույթների եւ ՀԱՊԿ-ի կանոնադրությամբ նախատեսված գործիքակազմի կիրառման շուրջ:
Թարմացում. ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը հայտնել է, որ մայիսի 13-ին Արա Այվազյանը եւ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը դարձյալ հեռախոսազրույց են ունեցել: Զրուցակիցները շարունակել են քննարկումները ադրբեջանական կողմի գործողությունների հետեւանքով ՀՀ պետական սահմանին ստեղծված իրավիճակի եւ լարվածության թուլացման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերի շուրջ: Արա Այվազյանը ընդգծել է ադրբեջանական կողմի սադրանքների հրահրման եւ դրա հետեւանքով Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ ոտնձգության ցանկացած դրսեւորման անթույլատրելիությունը:
Հայաստանի եւ Ռուսատանի արտաքին գերատեսչությունների ղեկավարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգության եւ կայունության պահպանման շուրջ: