ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելը Գազայի հատվածում եւ Արեւմտյան ափին տիրող իրավիճակի մասին դեկտեմբերի 4-ին հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ:
Զրույցի ընթացքում Բորելը շեշտել է, որ մերձավորարեւելյան երկարամյա հակամարտության վերջնական լուծումը կարող է լինել միայն քաղաքական՝ հիմնված «երկու պետության» սկզբունքի վրա:
«Մենք պետք է կանխենք հակամարտության ցանկացած տարածաշրջանային ընդլայնում: Կոչ եմ արել Իրանին օգտագործել իր ազդեցությունը եւ ակտիվորեն աշխատել տարածաշրջանում հետագա էսկալացիայից խուսափելու համար»,- սոցցանցի իր էջում գրել է եվրոպական դիվանագիտության ղեկավարը:
ԱՄՆ պաշտպանության նախարարությունից նախօրեին հայտնել էին, որ Եմենում Իրանի կողմից աջակցվող հութիների խմբավորումը հարձակվել է Կարմիր ծովում երեք առեւտրային նավերի վրա, ինչը մեծացնում է անհանգստությունը հակամարտության տարածման վերաբերյալ:
Ավելի վաղ ամերիկյան Politico պարբերականը հայտնել է, որ ԱՄՆ 37-րդ նախագահ Ռիչարդ Նիքսոնի կառավարման տարիներին ազգային անվտանգության հարցերով խորհրդական եւ ԱՄՆ պետքարտուղար Հենրի Քիսինջերը մահից կարճ ժամանակ առաջ կոչ էր արել հրաժարվել Պաղեստինը որպես անկախ պետություն ստեղծելու գաղափարից։ Իր վերջին հարցազրույցներից մեկում Քիսինջերը քննադատել է իսրայելա-պաղեստինյան հակամարտության՝ «երկու պետություն» բանաձեւով լուծում գտնելու ձգտումը։ ԱՄՆ նախկին պետքարտուղարը նախազգուշացրել է, որ արդյունքը կլինի այն, որ երկու տարածքներից մեկը վճռականորեն կձգտի ջախջախելու Իսրայել պետությունը։