Գարդման-Շիրվան-Նախիջեւան համահայկական միությունը հայտարարություն է տարածել Ջուղայի հայկական խաչքարերի ոչնչացման կապակցությամբ:
Կազմակերպության հայտարարության մեջ նշվում է, որ ուղիղ 20 տարի առաջ՝ դեռեւս 2003 թվականի դեկտեմբերի 4-ին, Ադրբեջանի կողմից հայկական խաչքարերի ոչնչացման կապակցությամբ մի խումբ հայ պատմաբաններ եւ հնագետներ պաշտոնական բողոք են ներկայացրել համապատասխան միջազգային կազմակերպություններին։ Այդ ժամանակ վերսկսվել էր Ջուղայի հայկական գերեզմանատան համակարգային ոչնչացման ակտը, որի դրվագներն արձանագրվել էին դեռեւս 1998 եւ 2002 թվականներին՝ արժանանալով միջազգային հանրության զայրույթին ու կշտամբանքին։
«Սակայն որեւէ կոչ ու մեղադրանք ի զորու չեղավ հեռացնելու բարբարոս ադրբեջանական ջարդարար ձեռքը համաշխարհային քրիստոնեական քաղաքակրթական երեւույթի՝ խաչքարի համակարգային ու նպատակադիր ոչնչացումից։ 2005 թվականին տեղի ունեցավ Ջուղայի հայկական գերեզմանատան տապանաքարերի ու խաչքարերի ոչնչացման վերջին արարը»,- ասվում է հայտարարության մեջ:
Կազմակերպությունը հիշեցրել է, որ 2006 թվականին ադրբեջանական կառավարությունը Եվրապառլամենտի ներկայացուցիչներին այդպես էլ թույլ չտվեց այցելել Ջուղա, ինչը հանցանքը քողարկելու հուսահատ փորձ էր։ «Ադրբեջանական քարոզչամեքենան կեղծում է պատմական իրողությունը՝ հերքելով հայկական ներկայությունը Նախիջեւանում անպատմելի ժամանակներից եւ քրիստոնեական հուշարձանները վերագրելով աղվաններին, սակայն տրամաբանական հարց է առաջանում՝ եթե աղվաններն ադրբեջանցիների նախնիներն են, ապա ինչու են ադրբեջանցիները ոչնչացնում «իրենց իսկ նախնիների ժառանգությունը» եւ դրա փոխարեն ռազմական հրաձգարան կառուցում։
«Ջուղայի ոչնչացված խաչքարերի մեծ մասն արվեստի իսկական գլուխգործոցներ էին, հայկական հոգեւոր ընկալումների արգասիքներ, որոնց ոչնչացումը ռասիզմի հիմքով վանդալիզմ է, ինչի վրա կառուցված են ադրբեջանական հասարակության ու ավտորիտար ռեժիմի հոգեւոր ընկալումները։ 2020-2023 թվականների ռազմական գործողություններին եւ էթնիկ զտմանը հաջորդած մշակութային զտումը եւս գալիս է փաստելու ասվածը»,- նշված է Գարդման-Շիրվան-Նախիջեւան համահայկական միության տարածած հայտարարության մեջ: