ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը հայտարարել է, որ ուշադրությամբ հետեւում են հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող իրադարձություններին:
«Մենք ուշադրությամբ հետեւում ենք Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանի՝ դեմարկացիայի չենթարկված հատվածում սրված լարվածությանը։ Տեղյակ ենք, որ կողմերի միջեւ շփումները շարունակվում են, եւ կոչ ենք անում զսպվածություն ցուցաբերելու՝ լարվածությունը թուլացնելու եւ իրավիճակը խաղաղ ճանապարհով հանգուցալուծելու համար»,- Թվիթերի իր էջում գրել է Նեդ Փրայսը:
Ավելի վաղ ՀՀ արտգործնախարարի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական եւ եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերի հետ:
Այվազյանը հանգամանորեն ներկայացրել է Հայաստանի ինքնիշխան տարածքում ադրբեջանական զինված ստորաբաժանումների կողմից իրականացված սադրիչ գործողությունները եւ դրանց հետեւանքով ստեղծված իրադրությունը: ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ ուղղված Ադրբեջանի սադրիչ գործողությունների անընդունելիությունը եւ անթույլատրելիությունը:
Արա Այվազյանը նշել է, որ միջազգային հանրության կողմից Հայաստանի ինքնիշխանության նկատմամբ նմանօրինակ ոտնձգությունների հանդեպ հանդուրժողականությունը հղի է տարածաշրջանի ապակայունացման սպառնալիքով: