Ըստ ՀՀ կառավարության՝ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ վերջինիս նախաձեռնությամբ:
Հայաստանի եւ Ֆրանսիայի առաջնորդները քննարկել են Սյունիքի մարզում ադրբեջանական զինված ուժերի` Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժելու հետեւանքով ստեղծված իրավիճակն ու այն հանգուցալուծելու քայլերը:
Ֆրանսիայի նախագահն իր զորակցությունն է հայտնել Հայաստանի իշխանություններին ու հայ ժողովրդին խնդիրը խաղաղ կարգավորելու գործում:
Էմանուել Մակրոնը վերահաստատել է Ֆրանսիայի հավատարմությունը Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության նկատմամբ եւ ընդգծել է Հայաստանի ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինված ուժերի անհապաղ դուրսբերման անհրաժեշտությունը:
Ֆրանսիայի նախագահն ընդգծել է նաև, որ Ֆրանսիան պատրաստ է հետագայում եւս իր նպաստը բերելու Հայաստանի առջեւ ծառացած մարտահրավերների լուծմանը, ՀՀ զարգացմանն ու առաջընթացին:
Ելիսեյան պալատը եւս մամուլի հաղորդագրություն է հրապարակել երկու երկրների ղեկավարների հեռախոսազրույցի վերաբերյալ:
«Մայիսի 13-ին հանրապետության նախագահը Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին ընթացող զարգացումների առնչությամբ հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ պարոն Նիկոլ Փաշինյանի հետ։ Հանրապետության նախագահը հիշեցրել է, որ Ֆրանսիան կարեւորում է Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանումը եւ ընդգծել Հայաստանի տարածքից ադրբեջանական զորքերի անհապաղ դուրսբերման անհրաժեշտությունը։
Ֆրանսիան ցանկանում է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի միջոցով հնարավոր լինի լուծում գտնել տարածաշրջանում առկա լարվածության իրավիճակին` այս տարածաշրջանում կայունությունն ու անվտանգությունը վերականգնելու համար»,- նշված է Ֆրանսիայի նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ֆեյսբուքի իր էջում հայերեն գրառում է կատարել ՀՀ վարչապետի հետ հեռախոսազրույցից հետո:
«Ադրբեջանի զինված ուժերը ներխուժել են հայկական տարածք։ Նրանք պետք է անհապաղ հետ քաշվեն: Եվս մեկ անգամ ասում եմ հայ ժողովրդին` Ֆրանսիան համերաշխ է ու այդպիսին էլ կմնա»,- գրել է Ֆրանսիայի նախագահը: