1988-ի ավերիչ երկրաշարժը, որի 35-ամյա տարելիցն է լրանում այս օրերին, լրջագույն քննություն էր մեզ համար։
Պետք էր որոշում կայացնել՝ դառնում ենք խղճմտանքի, կարեկցանքի արժանի զո՞հ, որին բոլորը պետք է օգնեն, թե՞ ինքնուրույն դիմագրավում ենք բնական աղետի նետած մարտահրավերը։
Աշխարհը ոտքի կանգնեց եւ միահամուռ օգնություն ցուցաբերեց աղետից տուժած Հայաստանին։ Դա, սակայն, ոչ միայն հումանիզմի եւ կարեկցանքի դրսեւորում էր, այլեւ քաղաքական ակտ՝ ուղղված ազատականացող ԽՍՀՄ-ին։
Ո՛չ 1988-ից առաջ, ո՛չ հետո, երբ Հայաստանն արդեն անկախ էր, օգնության նման ծավալ հնարավոր չէր պատկերացնել։ Եվ այդ ծավալն էր, որ մեզ գցեց թյուրիմացության մեջ, թե ամբողջ աշխարհը մեր փոխարեն պետք է լուծեր բոլոր խնդիրները՝ հավաքեր փլվածքը, վերակառուցեր վնասվածը, կառուցեր նոր շենքեր, անգամ թաղամասեր՝ մարդկանց վերադարձնելով իրենց բնակարանները։
Հարցիս, թե հնարավոր չէր արագ մաքրել եւ նույն տեղում կառուցել շենքերը (նույն մակերեսով), ծանոթ մի ճարտարապետ, որ երկրաշարժից հետո երկար ժամանակ աշխատել էր Գյումրիում ու մասնակցել վերականգնման արվեստանոցի աշխատանքներին, պատասխանեց. «Արագ վերականգնելու դեպքում Գյումրիում եւ մյուս քաղաքներում 2-3 տարի հետո երկրաշարժի հետքն անգամ չէր մնա, բայց մերոնք գերադասեցին հեռանկարային զարգացումը»։
Ու որոշեցին ստեղծել նոր թաղամասեր, որոնք այդպես էլ չդարձան քաղաքի հարազատ մաս։ Քաղաքն էլ՝ ավերակներով ու փլվածքներով մնաց ու կա մինչ օրս։
Պատճառը մեր մտածողության մեջ բուն դրած առավելապաշտությունն է, որը հիմնականում եւ մշտապես պայմանավորված է բարի ուրիշներից սպասվող օգնությամբ։ Եթե աշխարհը ոտքի է կանգնել, օգնում է, ինչո՞ւ չօգտվել դրանից։
Գերմաներենի թարգմանիչ ծանոթս մի անգամ պատմում էր, թե իր հետ Գյումրի այցելած գերմանացին ոնց է զարմացել՝ շուրջ տասնհինգ տարի անց տեսնելով չվերակառուցված քաղաքը, ուրվական շենքերը, փայտե-մետաղե ժամանակավոր տնակները։
Թարգմանիչը բացատրել էր, որ անկախանալուց հետո Հայաստանը հայտնվել է սոցիալ-տնտեսական ճգնաժամի մեջ, չունի վերականգնումն ավարտելու անհրաժեշտ միջոցներ։
Իսկ մարդիկ ի՞նչ են անում՝ հարցրել էր գերմանացին ու պատմել, թե պատերազմից հետո պարտված, ջախջախված, ավերված Գերմանիայի քաղաքացիներն ինչպե՞ս են հատիկ-հատիկ հավաքել փլատակները, որոնց ծավալներն, ի դեպ, անհամեմատելի են մեր երկրաշարժի գոտու հետ։
Մի կտոր սեւ հացով, մի խորանարդիկ շաքարով, երգելով առավոտից իրիկուն աշխատում էին՝ պատմել էր։
Պարտված գերմանացիներն այսպես վերակերտել են իրենց ինքնիշխանությունը։ Ու թեեւ ամերիկյան օգնությունը չափազանց մեծ էր եւ ազդեցիկ, բայց Գերմանիայի քաղաքներն էլ կմնային փլուզված, եթե անհատը, քաղաքացին պատասխանատվություն չստանձներ։
Ու հիմա, երբ անդադար խոսում են ինքնիշխանության մասին, միանգամից հարց է առաջանում՝ ով է «ինքը» եւ, մինչեւ «իշխանություն» բառի հետ կցվելն ու բարդ ածանցավոր նոր բառ կազմելը, ինչ է անում սեփական խնդիրները լուծելու համար։
Իմ կրոնն ու դավանանքը խոսքն է։ Ուժին, սպառազինությանը, քաղաքական խարդավանքներին ու նման բաներին չեմ հավատում։ Պետք է խոսենք, համոզենք իրար, եթե անգամ դա անհնար է թվում։