Դեկտեմբերի 5-ին՝ լույսը չբացված, Ալավերդին ոստիկանական ուժերով էր լցված։ Քաղաքի կենտրոնը, կարելի է ասել, փակ էր։ Համայնքապետարանի շենքի մոտ տասնյակ ցուցարարներ էին հավաքված, իսկ շուրջը՝ նրանց թիվը մի քանի անգամ գերազանցող ոստիկաններ։
Ուժային կառույցների՝ տասնյակի հասնող ներկայացուցիչներ կային նաեւ համայնքապետարանի շենքի բոլոր հարկերում։ Շրջակայքում ու նաեւ քաղաքի տարբեր հատվածներում էլ պարեկային ծառայության մեքենաներն էին «տագնապ տարածում»։
Ժամը 10-ին ավագանու արտահերթ նիստ էր նշանակված, որը նախաձեռնել էր Ալավերդու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը՝ գործող համայնքապետ Արկադի Թամազյանին անվստահություն հայտնելու նպատակով։ Համայնքապետարանի մուտքը փակած ոստիկանները միայն աշխատակիցներին էին ներս թողնում՝ ցուցակով։
Արկադի Թամազյանին իրենց աջակցությունը հայտնելու եկած քաղաքացիները, որոնց աչքի առաջ էին տեղի ունենում ոստիկանության գործողությունները, շվարած էին․ Ալավերդին այսպիսի բան չէր տեսել։
«Բռնատիրական աշխարհում ենք ապրում։ Չեն թողնում՝ էս ժողովուրդը հանգիստ ապրի։ Ամեն մի մարդուն 25 ոստիկան կա, ո՞ւմ են պահում, ումի՞ց»,- տարակուսած էին հավաքվածները։
«Էս վիճակը չէր լինի, եթե գործեին օրինականության սահմաններում։ Դե՞մ էին Արկադի Թամազյանին, թող գնային, օրինական ճանապարհով կրկնակի ընտրություն անցկացնեին։ Դա կլիներ ե՛ւ օրինական, ե՛ւ մարդկային, ե՛ւ ցիվիլ։ Բայց իրենք վստահ են, որ ընտրություն անելու դեպքում կստանան 0 ձայն»,- ասում է Ալավերդու բնակիչ Լեյլի Միկիչյանը, որ նման իրողությունը քաղաքում ալավերդցիների համար ապտակ է համարում։
Նիստից ժամեր առաջ ավագանու՝ «Քաղաքացիական պայմանագրի» կազմն արդեն համայնքապետարանի շենքում էր, իսկ «Ապրելու երկիր» խմբակցության անդամներին ոստիկանները չէին թողնում շենք մտնել՝ առանց որեւէ հիմնավորման։
Նույն տրամաբանությամբ՝ առանց բացատրության, ՆԳ նախարարության փրկարար ծառայության աշխատակիցները երկաթե ձողով բացեցին համայնքապետարանի նիստերի դահլիճի դուռը, իսկ ոստիկանները բռնի ուժով հեռացրին համայնքապետ Արկադի Թամազյանին, ապա՝ «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանին եւ ապահովեցին ՔՊ-ի անվտանգ մուտքը նիստերի դահլիճ։
Հայտարարված ժամին նիստը մեկնարկեց։ Օրակարգը հաստատվեց, «Քաղաքացիական պայմանագրի» 13 անդամների եւ ամիսներ առաջ «Ապրելու երկիրը» լքած Սիմոն Զախարովի քվեարկությամբ Ալավերդու գործող համայնքապետ Արկադի Թամազյանը պաշտոնանկ արվեց։ Ապա սկսվեց ՔՊ-ական Ղումաշյանին համայնքապետ ընտրելու փակ գաղտնի քվեարկությունը։
Նիստերի դահլիճում ակնհայտ բարձր տրամադրություն էր, իսկ համայնքապետարանի բակում՝ այլ օրակարգ։ Ներքեւում հավաքվածները «դավաճան», «ամոթ» էին վանկարկում, վերեւում գտնվողները՝ ժպտում։
Նիստին ներկա էր նաեւ ԱԺ պատգամավոր Արեն Մկրտչյանը։ Մեկ տարի առաջ Ալավերդու ՏԻՄ ընտրություններում նա էր գլխավորում «Քաղաքացիական պայմանագրի» նախընտրական ցուցակն եւ «Ապրելու երկիր» կուսակցությունից Արկադի Թամազյանի գլխավոր մրցակիցն էր։
Քվեարկությունը չավարտված՝ թիմակիցների հետ դահլիճ մտավ Արկադի Թամազյանը։ Նրանք հայտարարեցին, որ նիստն ու քվեարկությունը տեղի են ունենում օրենքի խախտումով։ Ապա վիճաբանություն սկսվեց Դավիթ Ղումաշյանի եւ Մեսրոպ Առաքելյանի միջեւ, երբ վերջինս բարձրացրեց քվեատուփը՝ ցույց տալու այնտեղ լցված քվեաթերթիկներն այն ժամանակահատվածում, որը պետք է օրենքով սահմանված կարգով համայնքի ղեկավարին սպասելուն տրամադրվեր։
Հետո հրմշտոց սկսվեց, ապա Արկադի Թամազյանն ու Արեն Մկրտչյանը փոխադարձ վիրավորանքներ ուղղեցին միմյանց։ Մթնոլորտը շիկացած էր հայհոյանքներից։
Կարմիրբերետավորները կրկին կատարեցին համայնքի ղեկավարին ու մյուսներին հեռացնելու իրենց գործը։ ՔՊ-ականներն էլ շարունակեցին կիսատ թողածը․ հրմշտոցի հետեւանքով շրջված քվեատուփից դուրս թափված թերթիկները մարվեցին, եւ նոր քվեարկություն սկսվեց։
Ալավերդու ավագանու 27 անդամներից 14-ը փակ գաղտնի քվեարկությամբ համայնքապետ ընտրեցին Դավիթ Ղումաշյանին։ Նա իր լիազորությունները, ըստ օրենքի, ստանձնելու է ընտրվելուց հետո 3-րդ օրացույցային օրը՝ համայնքի բնակիչների առաջ երդվելուց հետո։ Այն բնակիչների, որոնք քվեարկելիս համայնքապետի պաշտոնում Ղումաշյանի՛ն չեն տեսել։
Իսկ Ալավերդու համայնքապետ Արկադի Թամազյանը պատրաստվում է դատարան դիմելու։
«Սա սկիզբն է ամեն ինչի, պայքարը հենց էսօրվանից սկսվում է։ Բոլոր առումներով։ Մեր փաստաբանները կդիմեն դատարան, լրացուցիչ տեղեկություն կտրամադրենք ձեզ»,- դրսում հավաքված իր աջակիցներին ասաց Թամազյանը, ապա նրանց շնորհակալություն հայտնեց եւ հորդորեց հեռանալ։
Իսկ բազմությունը չշտապեց հեռանալ․ սպասում էին ավագանու ՔՊ-ական անդամների՝ համայնքապետարանի շենքից դուրս գալուն։ Պարզվեց՝ նրանք էլ չէին շտապում։ Մինչդեռ հավաքվածներից շատերն էին ուզում հարցեր տալ ու նրանց աչքերին նայել․․․
Մասնագիտությամբ լրագրող եմ։ 15-ամյա աշխատանքային գործունեությանս մեծ մասն անցել է հեռուստատեսության ոլորտում՝ Ալավերդու «Անկյուն+3» հեռուստաընկերությունում։