Սահմանազատման գործընթացն իրականացվելու է բացառապես իրավական նշանակություն ունեցող փաստաթղթերի հիման վրա։ Ազգային ժողովում դեկտեմբերի 6-ին Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Նա հավելել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կարծես թե փոխադարձ ընկալում կա, որ սահմանազատման գործընթացն իրականացվելու է բացառապես իրավական նշանակություն ունեցող փաստաթղթերի հիման վրա։ «Մենք գործ ենք ունենալու եւ աշխատելու ենք քարտեզներով, որոնք ոչ թե նկարներ կամ քարտեզի տիպի սխեմաներ են, այլ իրական տոպոգրաֆիկ քարտեզներ»,- նշեց Գրիգորյանը։
Ըստ փոխվարչապետի՝ կողմերը պետք է փոխադարձաբար ընդունեն սահմանազատման գործընթացի իրականացման սկզբունքներն ու կանոնները։ Ըստ նրա՝ առաջին սկզբունքը, որի շուրջ փոխըմբռնում կա, իրավական հենք ունեցող փաստաթղթերի հիման վրա սահմանազատման իրականացումն է, երկրորդ սկզբունքը վերաբերում է քարտեզներին։ «Աշխատելու ենք քարտեզներով, որոնք ոչ թե նկարներ են կամ քարտեզի տիպի սխեմաներ, այլ իրական տոպոգրաֆիկ քարտեզներ։ Օրինակ՝ 1975 թվականի քարտեզը 1974-1979 թվականների մասնագիտորեն կազմված եւ տպագրված, 22 կտորից բաղկացած ֆրագմենտներ են»,- ասել է Գրիգորյանը։
Փոխվարչապետն ընդգծել է, որ սահմանազատման համար որեւէ դիսկրետ (կտրատված) լուծում չկա: Ըստ նրա՝ «չի լինելու մի հանդիպում, որից հետո գանք ու հայտարարենք՝ սահմանազատման գործընթացն ավարտված է, դա ուղղակի անհնարին է»։
«Այս անգամ ադրբեջանական կողմի հետ պայմանավորվել ենք հաստատել աշխատակարգ, որը կնկարագրի մեր աշխատանքների ինստիտուցիոնալ ընթացքը»,- նշել է Գրիգորյանը։