Երիտասարդ իրանագետ, թարգմանիչ Արեգ Բագրատյանն ընթերցողի սեղանին է դրել «Երբ խաղաղ կլինի» իրանական արդի պատմվածքների ժողովածուն: Լույս է ընծայել «Գրատուն» հրատարակչությունը:
«Երբ խաղաղ կլինի… մեկ մտածում ես՝ սա հարց է, մեկ էլ՝ բացականչություն, գուցե ինչ-որ հարցի պատասխան, ամեն դեպքում այն բնորոշ է գրքում ընդգրկված 24 ստեղծագործություններին, որոնց միջով կարմիր թելի նման անցնում է խաղաղության գաղափարը: Խոսքը ե՛ւ պատերազմի բացակայության, ե՛ւ մարդու ներքին խաղաղության, խղճի մասին է»,- ասում է գրքի թարգմանիչը: Այս աշխատանքով Արեգ Բագրատյանը փորձել է փոքր-ինչ նվազեցնել ճանաչողության այն բացը, որն առկա է թե՛ իրանցիների, թե՛ հայերի շրջանում:
«Սովետական փակ վարագույրը պատնեշ էր դարձել երկու ժողովուրդների միջեւ, այնինչ երկուսս էլ նույն պատմության հունով ենք ընթացել, ունենք միանման հույզեր ու ձգտումներ»,- հավելում է գրքի խմբագիրը՝ բանասիրական գիտությունների թեկնածու Նունիկ Դարբինյանը:
Նադեր Էբրահիմի, Սիմին Դանեշվար, Ֆերեյդուն Թոնքաբոնի, Ջամալ Միր Սադեղի, Սադեղ Չուբաք … գրքում ներառված 20-21-րդ դարերի իրանական արձակի նշանավոր դեմքերի ստեղծագործությունները հեշտ յուրացվող են, հեշտ սիրվող, հետեւապես շատերի համար կարող են դառնալ այսօրվա Իրանը ճանաչելու բանալի:
Հայ ընթերցողը, գրքի հետ ծանոթանալով, կտեսնի՝ ինչպիսին է այսօրվա իրանցին, ինչ մտածողություն ունի, ինչ է փնտրում, այստեղ իրանցի մարդու ճանապարհն է՝ անկախ քաղաքական դիրքորոշումից, երկրում տիրող իրավիճակից: Իրանական գրականության այս ընտրանին նման է խճանկարի, որը պետք է դիտարկել ամբողջության մեջ։ Ստեղծագործություններն իրար չեն շարունակում, ներկայացնում են կյանքի չընդհատվող շղթան՝ մանկությունից, որն, ըստ թարգմանչի, այնքան գեղեցիկ են նկարագրում, որ համն ու հոտը զգում ես, մինչեւ խոր ծերություն ու մահ:
Ժողովածուում տեղ է գտել հեղինակին սրտամոտ գրողներից մեկի՝ իրանական սփյուռքի նշանավոր կին արձակագիրներից Գոլի Թարաղիի երեք ստեղծագործություն: Հեղինակն առաջին անգամ չէ, որ անդրադառնում է նրան: Պատերազմի օրերին «Անտարես» հրատարակչությունը լույս ընծայեց Գոլի Թարաղիի «Վերադարձ» վեպի հայերեն թարգմանությունը, որը պարզ պատճառով մեծ ուշադրության չարժանացավ:
Ըստ էության՝ Արեգ Բագրատյանի թարգմանական դեբյուտը հենց Գոլի Թարաղիի «Վերադարձ» վեպը եղավ: Ապրելով ու ստեղծագործելով Սփյուռքում՝ Թարաղին իր գրեթե բոլոր գործերում, այդ թվում՝ «Վերադարձ» վեպում, նկարագրում է իրանական սփյուռքի վիճակը, այն բարդությունները, որոնք սպասում են յուրաքանչյուր գաղթականի, որն այդպես էլ չի կարողանում դառնալ նոր՝ եվրոպական հասարակության մաս:
«Վերադարձ»-ն առաջին անգամ է հայերեն թարգմանվում: Առաջին անգամ են թարգմանվում նաեւ ժողովածուում տեղ գտած Մոնիրու Ռավանիփուրի, Փաքսիմա Մոջավեզի ստեղծագործությունները. այս երկու գրողների անունները հայ ընթերցողի համար, ըստ ամենայնի, բացահայտում կարող են լինել: Նրանցից թարգմանության իրավունք ստանալու գործընթացը երկարաձգել է ժողովածուի լույսընծայումը: Գիրքը մոտ հարյուր էջով ավելի կլիներ, եթե որոշ գրողներ չմերժեին թարգմանվելու՝ Արեգի առաջարկը: «Պատճառներն ու հիմնավորումները տարբեր են եղել, ընդհուպ մինչեւ այն, որ հայկական գրաշուկան փոքր է կոմերցիոն առումով: Արդյունքում գիրքը բարակեց, բայց գուցե ամեն ինչ եղավ այնպես, ինչպես պետք է լիներ, գիրքը ծնվեց երկու տարում, սպիտակ մազերիս հաշվին»,- ասում է Արեգ Բագրատյանը:
Ժողովածուում ընդգրկված Բոզորգ Ալավիի «Սենյակիս պատմությունը», Սադեղ Չուբաքի «Իրիկնավարտը» պատմվածքների հիմնական գործողությունները ծավալվում են Իրանում բնակվող մեր հայրենակիցների շուրջը: Մոնիրու Ռավանիփուրն իր «Հերոս» պատմվածքը նվիրել է իրանահայ լրագրող, արվեստագետ եւ գրող Ժանետ Լազարյանին, պատմվածքն ընթերցելիս աղերս կգտնեք հետպատերազմյան հայ իրականության հետ. ճգնաժամ, կորուստներ, խեղված ճակատագրեր, սգավոր մայրեր… ամեն ինչ կարծես նույնն է, միայն տեղանուններն են տարբեր:
Գիրքը փակելուց հետո ընթերցողը հավանաբար կմտորի՝ ինչու այն մանուկը, որ մտածում էր ում նվիրել իր փոքրիկ, բայց անսահման մեծության սիրտը, ծերության ժամին պիտի հասնի այնպիսի մի վիճակի, որ երկմտի, թե ում բարեւի:
Արեգ Բագրատյանը ավարտել է նաև ամերիկաբնակ իրանցի Մահբոդ Սերաջի «Թեհրանի տանիքները» վեպի թարգմանությունը, հիմա թարգմանում է իրանական բեսթսելլեր համարվող մեծածավալ գործերից մեկը՝ Ռեզա Ամիրխանիի «Ես՝ նրանը» վեպը:
Մասնագիտությամբ լեզվաբան եմ, բայց հիմնական զբաղմունքս եղել է լրագրությունը։ Սկսելով «Շողակաթ» հեռուստաընկերությունից՝ մշտապես լուսաբանել եմ մշակութային իրադարձություններ՝ խնդիր ունենալով արվեստի երեւույթները չթողնել ստվերում։