ՀՀ պետական եկամուտների կոմիտեն պարզաբանումներ է արել սոցիալական ծախսին առնչվող հարցերի վերաբերյալ՝ ամենից հաճախ տրվող հարցերի ու դրանց տրվող պատասխանների սկզբունքով:
Ինչ է սոցիալական ծախսը
Հայտարարագիր ներկայացնող ֆիզիկական անձինք ունեն եկամտային հարկի գումարից սոցիալական ծախսի փոխհատուցման իրավունք։ Հայտարարագիր ներկայացնող անձը կարող է օգտվել փոխհատուցումից ինչպես իր, այնպես էլ ընտանիքի անդամների համար կատարած սոցիալական ծախսերից։ Ընտանիքի անդամներն են՝ Հայտարարագիր ներկայացնողի ամուսինը, ծնողները եւ զավակները (որդեգրողները եւ որդեգրվածները):
Որն է համարվում սոցիալական ծախս
Հայաստանում գործող ապահովագրական ընկերություններից առողջության ապահովագրական փաթեթի ձեռքբերումը, Հայաստանում կրթական հաստատություններին կատարված ուսման վճարները (նախադպրոցական, տարրական, հիմնական, միջնակարգ, նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին, բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթական ծրագրերի մասով կատարված ուսման վճարները) համարվում են սոցիալական ծախս։
Ինչպես օգտվել փոխհատուցումից
Փոխհատուցման հնարավորությունից օգտվելու համար անհրաժեշտ է սոցիալական ծախս կատարելիս ծառայություն մատուցողից պարտադիր պահանջել հաշվարկային փաստաթուղթ (invoice): Իսկ դրա համար պետք է ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ եւ հանրային ծառայության համարանիշ։ Եթե սոցիալական ծախսը կատարվում է ընտանիքի անդամի համար՝ նաեւ ընտանիքի անդամի անձը հաստատող փաստաթուղթ եւ հանրային ծառայության համարանիշը։
Որքան է կազմում սոցիալական ծախսը
Առողջապահության գծով սոցիալական ծախսի առավելագույն չափը տարեկան 50 հազար դրամն է, կրթության գծով՝ տարեկան առավելագույնը 100 հազար դրամը։ Անհրաժեշտ է հիշել, որ ֆիզիկական անձի՝ իր եւ ընտանիքի անդամների համար կատարված բոլոր ուղղություններով սոցիալական ծախսերի առավելագույն չափը տարեկան 100 հազար դրամ է: