Ըստ ՀՀ վարչապետի աշխատակազմի՝ հայկական կողմի նախաձեռնությամբ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահին տեղեկացրել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի սուվերեն տարածք՝ Սյունիքի մարզ ներխուժման հետեւանքով ստեղծված իրավիճակի մասին:
ՀՀ վարչապետի պաշտոնակատարը նախագահ Պուտինին տեղեկացրել է նաեւ, որ այսօր հանձնարարել է պաշտոնապես դիմել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը՝ Հավաքական անվտանգության պայմանագրի ընթացակարգերի 2-րդ հոդվածին համապատասխան խորհրդակցություններ սկսելու համար:
Անթույլատրելի է համարել
Ըստ ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրության՝ Վլադիմիր Պուտինն անթույլատրելի է համարել հետագա էսկալացիան եւ հույս հայտնել իրավիճակի արագ կայունացման եւ նոյեմբերի 10-ի եւ հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններով ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման համար անհրաժեշտ պայմանների ստեղծման վերաբերյալ:
Ռուսական կողմը վերահաստատել է ակտիվ միջնորդական ջանքերը շարունակելու իր տրամադրվածությունը` տարածաշրջանում կայունություն ապահովելու նպատակով:
Զրուցակիցները համակարծիք են եղել, որ այս իրավիճակի լուծումը պետք է արտահայտվի ադրբեջանական զորքերի՝ ելման դիրքեր վերադարձով, ասվում է կառավարության հաղորդագրության մեջ:
Կարծիքներ են փոխանակել
Կրեմլի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն՝ ՌԴ եւ ՀՀ ղեկավարների միջեւ տեղի ունեցած հեռախոսազրույցում կարծիքներ են փոխանակվել հայ-ադրբեջանական սահմանին վերջին միջադեպի վերաբերյալ: Պուտինն ընդգծել է նոյեմբերի 10-ի եւ հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների բոլոր կետերի կատարման անհրաժեշտությունը, առաջին հերթին՝ հրադադարի պահպանման մասով։
Քննարկվել են նաեւ Հարավային Կովկասում տնտեսական ու տրասնպորտային-լոգիստիկ ուղիների վերականգնման հարցերը։