Օրերս հայտնի դարձավ, որ Ադրբեջանում պետք է տեղի ունենան արտահերթ նախագահական ընտրություններ։
Ըստ ադրբեջանագետ Տաթեւիկ Հայրապետյանի՝ Ադրբեջանի անկախությունից ի վեր դրանք լինելու են առաջինը, որ կանցկացվեն նաեւ Լեռնային Ղարաբաղում:
Սա փաստացի ադրբեջանական էլիտայի, ինչու ոչ, նաեւ ժողովրդի համար լիարժեք եւ ամբողջական Ադրբեջան է։ Ալիեւն այս ընտրություններով կամրագրի դա եւ կսահմանի նոր նպատակներ։
Ցավալի պարտությունից հետո Հայաստանը նույնպես արտահերթ ընտրությունների գնաց, սակայն դա եղավ պարտված Հայաստանի վերարտադրությունը, ինչից հետո պարտությունները շարունակվեցին:
Ինչպես ցույց տվեցին Երեւանի ավագանու ընտրությունները, քաղաքական ամբողջ համակարգն ունի լեգիտիմության պակաս, սակայն առկա հանգամանքներում իշխող թիմը դեռ կարողանում է պահպանել իր իշխանությունը, ինչպես նաեւ «հեղաշրջումներ» անել համայնքներում:
Խնդիրները, սակայն, շարունակում են սրվել, ժողովուրդն արդեն հասկանում է, որ սա ո’չ թավշյա, ո’չ էլ հոկտեմբերյան հեղափոխություն էր, այլ դասական իշխանափոխություն։
Փաշինյանը ո’չ թալանն է վերադարձնելու, ո’չ էլ հաշտեցնելու է քաղաքական ուժերին։ Սոցիալական, իրավական անարդարությունը, կոռուպցիան՝ հին ու նոր ձեւերով, շարունակվելու են, իսկ իշխանությունը բոլորին, ինչպես դասականը կասեր, «բամփելու» է ուզածի պես:
Որեւէ բարեփոխում մինչեւ վերջ չարած Փաշինյանը, որը նաեւ ավերել է անվտանգային համակարգը, պատրաստվում է «անկախության» պայքար առաջնորդելու։ Խորհրդարանական ընդդիմությունը, ըստ նրա, Ռուսիո «ծայրագավառի» կողմնակիցներն են։
Քաղաքական դասավորվածությունը փոխելու եւ «անկախական» խորհրդարան ստանալու համար չի բացառվում, որ Փաշինյանը նույնպես գնա արտահերթ ընտրությունների՝ փորձելով կա՛մ ավելի ամրապնդել իր իշխանությունը, կա՛մ էլ փոխանցել «անկախական» այլ մի թեւի, որը պարտությունների եւ Արցախը կորցնելու համար հաշվեհարդար չի տեսնի իր հետ:
Այսօրվա խորհրդարանի հետ Փաշինյանը կարողանում է լավ «թիավարել», քանի որ նրանց հակավարկանիշի շնորհիվ է վերարտադրվել, սակայն քաղաքական գործընթացները՝ Հայաստանի անվտանգային միջավայրով պայմանավորված, անկանխատեսելի են, եւ նա պետք է «թարմացնի» քաղաքական դաշտը։
Այս հղացումը կանխելու եւ 2021-ի սցենարը չկրկնելու համար պետք է ձեւավորվի արտախորհրդարանական ուժերի հարթակ, այնուհետեւ դաշինք, որը կկարողանա հակակշռել ներկայիս խորհրդարանական ուժերին:
Քաղաքական դաշտը, ըստ իս, մաքրվում է, դրա նշանները կան, սակայն մաքրվելուց հետո գերակա են լինելու կա՛մ գեղեցիկ խոսող «անկախականները», կա՛մ էլ անվտանգային միջավայրը ռացիոնալ գնահատող կամ առնվազն այն նոր փորձությունների չտանող ուժերը։
Մեկ այլ կարեւոր հիմք են ընտրությունների համար իշխող ուժի ներսում արդեն երեւացող ճաքերն ու պառակտումը. Նիկոլ Փաշինյանն ավելի շատ պետք է զգուշանա հենց իր ան-«իզմ», դիլետանտ եւ իշխանատենչ թիմից, որին չի հետաքրքրում իր իսկ ապագան:
Արմեն Մկրտչյան