Արցախի քաղաքական եւ քաղաքացիական ուժերի ուղերձը միջազգային հանրությանը
Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետության ավելի քան 120 կուսակցություններ, հասարակական կազմակերպություններ, լրատվամիջոցներ ու համայնքների ղեկավարներ ստորագրել են ուղերձ՝ ուղղված միջազգային հանրությանը՝ դեկտեմբերի 10-ի՝ ԱՀ անկախության հանրաքվեի, ԱՀ Սահմանադրության եւ Մարդու իրավունքների միջազգային օրերի առթիվ:
Հասցեատերեր՝ ՄԱԿ Գլխավոր քարտուղար, ՄԱԿ Անվտանգության խորհուրդ, ԵԱՀԿ գործող նախագահ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներ, Եվրոպայի Խորհուրդ (Գլխավոր քարտուղար, ԵԽԽՎ նախագահ, Նախարարների խորհրդի նախագահ), Եվրամիություն Խորհուրդի նախագահ, Եվրոպական Խորհրդարանի նախագահ, ԱՊՀ Գլխավոր քարտուղար, ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար, ՆԱՏՕ Գլխավոր քարտուղար։
Արցախի Հանրապետության քաղաքական եւ քաղաքացիական ուժերի ուղերձում հեղինակները շարադրել են արցախյան հակամարտության ակունքները, անդրադարձել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարցերին, թվարկել Ադրբեջանի՝ հայերի նկատմամբ վարած ռասիստական քաղաքականության հետեւանքներն ու պարզաբանել արցախցիների՝ Հայրենիքը լքելու որոշման հիմքերը:
«Մեր ընդհանուր որոշումը՝ լքել մեր Հայրենիքը՝ Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետությունը, մեր տները, թողնել Սբ․ Մկրտչի մասունքները, մեր հայկական եկեղեցիներն ու մեր նախնիների գերեզմանները, որոնք մենք պաշտպանել ենք դարեր ի վեր, ապացույց է ողջ աշխարհին, որ Արցախի ժողովրդի համար ազատությունը բարձրագույն արժեք է։ Այս ճարահատ որոշումն ընդունվել է շարունակական ցեղասպանական գործողությունների եւ մեր գլխին կախված գոյաբանական լուրջ սպառնալիքների պայմաններում»,-ասված է ուղերձում։
Ուղերձի հեղինակները շեշտել են, որ «ոչ մի ազատ ժողովուրդ չի կարող հրաժարվել իր ինքնիշխան իրավունքներից եւ ենթարկվել իր համար օտար պետության գերիշխանությանը, առավել եւս մի պետության, որը ղեկավարվում է իր անպատժելիությամբ արբեցած ավտորիտար, կոռումպացված եւ ռասիստական ռեժիմի կողմից»:
Արցախ անվտանգ եւ արժանապատիվ վերադարձի համար անհրաժեշտ պայմանները
Ուղերձի հեղինակները նշում են, որ ներկայում թեեւ բազմաթիվ երկրների առաջնորդներ խոսում են Լեռնային Ղարաբաղ հայերի վերադարձի անհրաժեշտության մասին, այդուհանդերձ աշխարհը պետք է իմանա, որ Ադրբեջանի իրավազորության ներքո հայերի վերադարձն Արցախ բացառվում է: Հեղինակներն ուղերձի վերջում թվարկել են այն անվիճարկելի պայմանները, որոնք կապահովվեն հայ բնակիչների խաղաղ, անվտանգ եւ արժանապատիվ վերադարձը սեփական բնօրրան՝ Արցախ աշխարհ:
- Առաջին՝ մենք բացառում ենք Արցախի Հանրապետության քաղաքացիների վերադարձը Ադրբեջանի իրավազորության ներքո։ Ադրբեջանական զինված ուժերը, ոստիկանությունը եւ վարչակազմը պետք է ամբողջությամբ դուրս բերվեն Արցախի Հանրապետության տարածքից, ներառյալ Շահումյանի շրջանը, որտեղ 1992 թ. իրականացված էթնիկ զտման համար Ադրբեջանը լիակատար պատասխանատվություն է կրում։
- Երկրորդ՝ Արցախի Հանրապետության ողջ սահմանի երկայնքով պետք է տեղաբաշխվեն ՄԱԿ-ի միջազգային բազմազգ խաղաղապահ ուժեր, եւ ստեղծվի ապառազմականացված գոտի։
- Երրորդ՝ Լաչինի միջանցքը պետք է փոխանցվի ՄԱԿ-ի վերահսկողությանն ու կառավարմանը։
- Չորրորդ՝ Արցախի Հանրապետության տարածքը պետք է փոխանցվի ՄԱԿ-ի կառավարմանը՝ բոլոր փախստականների վերադարձի, ժողովրդավարական եւ իրավական հաստատությունների ստեղծման եւ տնտեսության վերականգնման համար պայմաններ ապահովելու համար։ Բոլոր փախստականները պետք է ունենան հավասար կարգավիճակ, հավասար իրավունքներ եւ ենթարկվեն անցումային շրջանի ընդհանուր կանոններին մինչ հանրաքվեն, որը կհաստատի Լեռնային Ղարաբաղի վերջնական քաղաքական կարգավիճակը, որի արդյունքը իրավաբանորեն կճանաչվի բոլոր պետությունների կողմից։
- Հինգերորդ՝ պետք է լիովին բացառվի Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության քաղաքացիների՝ հակամարտության ողջ ընթացքի հետ կապված ցանկացած մեղադրանքով քրեական հետապնդման հնարավորությունը։ Բոլոր ձերբակալված եւ արդեն դատապարտված հայերը պետք է անհապաղ ազատ արձակվեն։ Մենք պատրաստ ենք ճանաչել միջազգային տրիբունալի իրավասությունը՝ հետաքննելու յուրաքանչյուր ռազմական հանցագործություն, որոնցով մեղսագրվում են մեր քաղաքացիները, սակայն պայմանով, որ այդ տրիբունալը նույնկերպ կքննի բոլոր ռազմական հանցագործությունները, որոնք կատարվել են Ադրբեջանի քաղաքացիների եւ նրա վարձկանների կողմից։
Մենք պատրաստ ենք ըստ ամենայնի նպաստել հակամարտության խաղաղ լուծմանը, որը հիմնված կլինի ինքնորոշման իրավունքի եւ ժողովուրդների ու մարդու՝ միջազգայնորեն ճանաչված այլ իրավունքների ու ազատությունների լիակատար հարգման վրա»,-մասնավորապես ասված է ուղերձում։