ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր պաշտոնապես նամակներ է հղել ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի գործող նախագահ, Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնին եւ խորհրդի անդամներին՝ ՀԱՊԿ համապատասխան պայմանագրի 2-րդ հոդվածով նախատեսված խորհրդատվությունների ընթացակարգը գործի դնելու խնդրանքով:
Փաշինյանը դիմել է 1992 թվականի մայիսի 15-ի «Հավաքական անվտանգության մասին» պայմանագրի երկրորդ հոդվածի շրջանակում ՀԱՊԿ անդամ պետությունների դիրքորոշումները համակարգելու եւ առաջացած սպառնալիքի վերացման համար միջոցներ ձեռնարկելու նպատակով արտակարգ խորհրդատվություններ անհապաղ սկսելու մեխանիզմը գործադրելու համար:
Վարչապետի ժ/պ-ն նամակներ է հղել նաեւ ՀԱՊԿ մյուս անդամ պետությունների ղեկավարներին:
ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանն այսօր դարձյալ հեռախոսազրույց է ունեցել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ: Զրուցակիցները շարունակել են քննարկումները մայիսի 12-ից ՀՀ պետական սահմանին ստեղծված դրության եւ իրավիճակի հանգուցալուծման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի եւ ՀԱՊԿ-ին դիմելու՝ ընթացակարգով նախատեսված հետագա գործընթացների շուրջ:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն այսօր ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանի հետ եւս մեկ անգամ քննարկել է Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակը:
Կազմակերպության մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը հայտնել է, որ ՀԱՊԿ քարտուղարությունն իրավիճակի հետ կապված ոչ մի փաստաթուղթ դեռ չի ստացել, սակայն աշխատանքային ակտիվ շփումներ են ընթանում հայ պաշտոնյաների հետ:
ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանն էլ Գորիսում լրագրողների հետ զրույցում ասել է, որ Հայաստանն արդեն պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին։ «Դիմումն ուղարկվել է։ Եռօրյա ժամկետ է նախատեսված»,- նշել է նա: