Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին դեկտեմբերի 11-ին անդրադարձել է Հայաստանի եւ Ադրբեջանի՝ փոխադարձ գործողությունների եւ համագործակցության՝ ներառյալ երկու կողմերի գերիների ազատ արձակման վերաբերյալ վերջերս արված համատեղ հայտարարությանը: Ողջունելով հայտարարությունը՝ Քանանին դա «դրական իրադարձություն» է որակել։
Իրանի ԱԳՆ խոսնակը հավելել է, որ կայուն խաղաղության հասնելը պահանջում է տարածաշրջանային կողմերի միջեւ խաղաղ հռետորաբանության եւ վստահության մթնոլորտի ամրապնդում: «Հուսով ենք, որ այդ միջոցները կհանգեցնեն երկու կողմերի միջեւ խաղաղության եւ կայունության: Իրանը պատրաստ է աջակցելու երկու երկրներին տարածաշրջանային խաղաղության եւ անվտանգության ապահովման գործում»:
Ավելի վաղ զինծառայողների ազատ արձակման մտադրության վերաբերյալ Հայաստանի եւ Ադրբեջանի պայմանավորվածությունը ողջունել են ԱՄՆ Պետդեպարտամենտը, Թուրքիայի եւ ՌԴ-ի ԱԳՆ-ները, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով բարձրագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը, ինչպես նաեւ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը, ԵՄ հարեւանության եւ ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհելին եւ միջազգային այլ կառույցներ եւ օտարերկրյա պաշտոնական անձինք: