Ամերիկացի ընտրողների գրեթե կեսը կարծում է, որ Միացյալ Նահանգները չափազանց մեծ գումարներ է ծախսում Ուկրաինային օգնության վրա: Սրա մասին գրում է Financial Times-ը։
FT-Michigan Ross-ի անցկացրած հարցման արդյունքներով՝ հարցվածների 48%-ը կարծում է, որ ԱՄՆ-ը «չափազանց շատ» է ծախսում ռազմական եւ ֆինանսական օգնության վրա՝ Ուկրաինային աջակցելու համար։ 27%-ը վստահ է, որ Վաշինգտոնը «ճիշտ ծախսեր» է անում, 11%-ի կարծիքով՝ ԱՄՆ-ը բավականաչափ ծախսեր չի անում:
Հետազոտության արդյունքները ստացվել են ճիշտ այն պահին, երբ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը փորձում էր համոզել կտրուկ բաժանված Կոնգրեսին հաստատել 111 միլիարդ դոլար արժողությամբ անվտանգության ծախսերի փաթեթը, որը կներառի մոտ 60 միլիարդ դոլար Կիեւի, ինչպես նաեւ Իսրայելի եւ Թայվանի ֆինանսավորումը:
Թեեւ Իսրայելին օգնությունը մեծ աջակցություն է ստացել FT-Michigan Ross-ի հարցումներում, այդուհանդերձ ՀԱՄԱՍ-ի դեմ Իսրայելի պատերազմում վերջինիս ռազմական աջակցություն ցույց տալու հարցում նկատելի թերահավատություն էր զգացվում:
Հարցվածների 40%-ը նշել է, որ ԱՄՆ-ը «չափազանց շատ» է ծախսում Իսրայելին ռազմական եւ ֆինանսական օգնության վրա, մինչդեռ 30%-ը նշել է, որ Վաշինգտոնը «ճիշտ» ֆինանսական քաղաքականություն է վարում։ Իսրայելին եւ Ուկրաինային ռազմական օգնության դեմ դիմադրության բարձր մակարդակը բխում է ամերիկյան տնտեսության վիճակի վերաբերյալ շարունակվող մտահոգությունների պայմաններում. հարցվածների միայն 25%-ն է գնահատել ԱՄՆ-ի տնտեսության վիճակը որպես «լավ» կամ «գերազանց»:
ԱՄՆ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչը բացատրել է, թե ինչու իրենք դեռ չեն քվեարկել Ուկրաինայի օգնության օրինագծի օգտին: Հանրապետական կուսակցության ռազմավարությունը մշակող Դագ Հեյն ասել է, որ ԱՄՆ-ի ապագա օգնությունն Ուկրաինային «հարցականի տակ է»՝ հավելելով, որ Կոնգրեսի հանրապետականներն այնտեղ են, որտեղ իրենց ընտրողներն են:
Դեկտեմբերի 6-ին Ուկրաինային, Իսրայելին եւ Թայվանին օգնություն տրամադրելու մասին մոտ 106 միլիարդ դոլար արժողությամբ օրինագիծը չի ընդունվել ԱՄՆ Սենատում ընթացակարգային քվեարկության՝ ներգաղթի կոշտ քաղաքականության հանրապետական պահանջների պատճառով:
Քվեարկությունից առաջ Բայդենը Կոնգրեսին կոչ էր արել շտապ օգնություն տրամադրել Ուկրաինային, որպեսզի ԱՄՆ-նըստիպված չլինի ամերիկյան զորքեր ուղարկել ռուսների դեմ կռվելու համար։