ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը հայտնել է, որ ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայի եզրափակիչը Ստամբուլից տեղափոխվել է Պորտուգալիայի Պորտու քաղաք։
Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» եւ «Չելսիի» միջեւ հանդիպումը տեղի կունենա մայիսի 29-ին Պորտուի «Դրագաու» մարզադաշտում, որը հյուրընկալում է 52 200 հանդիսատեսի։ Խաղը կսպասարկեն իսպանացի մրցավարներ՝ Անտոնիո Մատեու Լաոսի գլխավորությամբ։
ՈԻԵՖԱ-ն Չեմպիոնների լիգայի եզրափակիչը Ստամբուլից տեղափոխելը հիմնավորել է Թուրքիայում կորոնավիրուսի տարածման անհանգստացնող տեմպերով ու համավարակով պայմանավորված սահմանափակումների խստացումով։
Ստամբուլն արդեն երկրորդ տարին անընդմեջ զրկվում է Չեմպիոնների լիգայի եզրափակիչն անցկացնելու հնարավորությունից։ Հիշեցնենք, որ ԵՎՐՈ-2020-ը մեկ տարով հետաձգվել էր կորոնավիրուսի համավարակի պատճառով։
Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի կառավարությունը դիմել էր ՈՒԵՖԱ-ին՝ Չեմպիոնների լիգայի եզրափակիչը Ստամբուլից այլ քաղաք տեղափոխելու նպատակով։ Մեծ Բրիտանիան ընդգծել էր, որ անգլիական երկու թիմերի երկրպագուները չեն կարողանա Թուրքիա մեկնել։ Անցած շաբաթ Մեծ Բրիտանիայի կառավարությունը Թուրքիային ընդգրկել է կորոնավիրուսի համավարակի «կարմիր ցուցակում»։ Թուրքիայում ամբողջական լոքդաուն է հայտարարվել կորոնավիրուսի տարածման կտրուկ աճի պատճառով։