Դեկտեմբերի 12-ին Ազգային ժողովում քննարկման է դրվել «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին եւ ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը։
Օրինագծի հեղինակ Հայկ Սարգսյանը նշել է, որ փաթեթով նպատակ է դրվել լուծելու երկու հիմնական խնդիր։ Խոսքը 27 տարին լրացած եւ պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած քաղաքացիների մասին է, որոնք ենթակա են դատապարտման: «Նրանք որեւէ տարբերակով չեն կարող ազատվել քրեական հետապնդումից, մեծ ցանկության դեպքում էլ չեն կարող ծառայել, քանի որ համարվում են զինվորական ծառայության սահմանային տարիքն անցած»,- ասել է օրինագծի հեղինակը։
Պատգամավորն առաջարկել է 27 տարին լրացած եւ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիներին հնարավորություն ընձեռել ազատվելու քրեական պատասխանատվությունից: Դրա համար նա առաջարկում է ընտրել հինգ տարբերակից մեկը.
- երկու տարի ծառայել,
- 1 տարի ծառայել եւ պետբյուջե վճարել 2․5 միլիոն դրամ,
- 6 ամիս ծառայե եւ պետբյուջե վճարել 5 միլիոն դրամ,
- 1 ամիս ծառայել եւ վճարել 10 միլիոն դրամ,
- վճարել 15 միլիոն դրամ։
Սարգսյանը հիշեցրել է, որ 2004-2019 թվականներին գործում էր զինծառայությունից խուսափած անձանց մասին համապատասխան օրենք, որի կիրառման ժամանակ ամեն բացակայած զորակոչի համար քաղաքացին վճարում էր 200 հազար դրամ եւ ազատվում պատասխանատվությունից։
Նախագծի քննարկումների ընթացքում ԱԺ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարել է, որ ամբողջական լուծում, որ բոլորին կբավարարեր, չի գտնվելու։ «Եթե չփախչեին բանակից եւ զորակոչից, այս դեպքում օրենքում ոչ մի բան էլ չէինք փոխի, ինչի՞ են գնացել։ Խնդիրը խորքային է»,-նշել է նա:
«Հայաստան» խմբակցության ղեկավար, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն իր հերթին նշել է, որ այս նախագիծը որոշակի առումով ժամանակավրեպ է: Նա շեշտել է, որ եթե այս նախագիծը իրենք ընդունեին նախկինում կամ այնպիսի իրավիճակում, որում հայտնված չէր լինի Հայաստանը, միգուցե, ընդունելի լիներ։
Դեկտեմբերի 12-ին ավելի ուշ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել է նախագիծը: Դրան կողմ է քվեարկել 63 պատգամավոր, դեմ՝ 0։ Ընդդիմադիր 25 պատգամավորները ձեռնպահ էին։