Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՔՊ-ն միակողմանիորեն խզել է «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցության հետ ստորագրած համագործակցության հուշագիրը։
Հիշեցնենք, որ երկու տարի առաջ Գյումրու նորընտիր ավագանու կազմում տասնչորս մանդատ ունեցող «Բալասանյան դաշինք» եւ տասնմեկ մանդատ ստացած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները համաձայնագիր էին կնքել, ըստ որի՝ Գյումրու քաղաքապետ էր առաջադրվելու «Բալասանյան դաշինքի» ընտրական ցուցակի 1-ին համար Վարդգես Սամսոնյանը, իսկ փոխքաղաքապետները կլինեին իշխող ուժի թեկնածուները։
Համայնքապետի տեղակալներ Արթուր Պապիկյանը եւ Վահագն Մկրտչյանն արդեն ներկայացրել են հրաժարականի մասին դիմումներ։ Նման որոշման պատճառը, ըստ նրանց, եղել է այն, որ Գյումրին չի ղեկավարվում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, եւ քաղաքում իրականացվում է ստվերային կառավարում, ինչն անարդյունավետ է դարձնում թե´ Գյումրու քաղաքապետարանի գործունեությունը եւ թե´ «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչների աշխատանքը քաղաքապետարանի գործադիր օղակներում:
Թե ովքեր են ստվերից կառավարում Գյումրին, փոխքաղաքապետներն ու ՔՊ խմբակցության ղեկավար Քնարիկ Հարությունյանն անուններ չեն հնչեցնում, փոխարենը կրկին պնդում են՝ քաղաքն արտաքին ուժերն են ղեկավարում:
«Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցությունն արձագանքել է ՔՊ-ականների մեկնաբանություններին։ Ըստ նրանց՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ համագործակցության հուշագիրը ստորագրել են, որ Գյումրին ավելի լավը, զարգացած, բարեկարգ ու ապագային միտված քաղաք դարձնեն:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎՔաղաքապետի աթոռի դիմաց դեսպանի պաշտո՞ն |
Թվարկել են երկու տարվա ընթացքում իրականացրած աշխատանքները․ հիմնանորոգել եւ դեռ ընթացքի մեջ է 50 փողոց, վերանորոգման աշխատանքներ են իրականացրել 12 ՀՈԱԿ-ներում, ձեռք են բերել 5 տեխնիկա եւ 5 սարքավորում, բազմաբնակարան 3 շենքի էներգաարդյունավետության ծրագիր են իրականացրել, 10 սոցիալական բնակարան են վերանորոգել, 16 կոմպլեկլտ լուսացույց, աղբամաններ ու նստարաններ են ձեռք բերել։
Դաշինքից չեն հերքում, որ տարաձայնություններ եղել են, բայց դրանք համարում են բնական, որոնք կարող են ծագել ինչպես թիմի ներսում, այնպես էլ տարբեր թիմերի միջեւ:
«Համաձայն չենք այն տեսակետին. թե հուշագրով ամրագրված պայմանավորվածությունները չեն պահվել, կամ դրանք խախտվել են: Հնարավոր է, որ երկու տարվա մեջ եղել են նախնական որոշումներ, որոնք կյանքի չեն կոչվել՝ ելնելով տարատեսակ իրողություններից, որոնց մասին մեր գործընկերները տեղեկացված են եղել: Բնականաբար այս գործընթացը միակողմանի չի եղել, եղել են նմանօրինակ իրողություններ նաեւ հակառակ ուղղությամբ, որին մենք մոտեցել են ըմբռնումով եւ համարել բնական:
Այն, ինչ վերաբերում է ստվերային կառավարման տրամաբանությանը, ձեւակերպումը մեզ համար զարմանալի է, որովհետեւ քաղաքական կուսակցությունների միջոցով համայնքների կառավարումը, համաձայն որի՝ ընտրողի վստահության քվեն ստանում է թիմը, արդեն իսկ ենթադրում է, որ սկզբունքային որոշ որոշումներ կարող են կայացվել թիմային քննարկումների հիման վրա, ինչը չի հակասում ՀՀ օրենսդրությանը»,- ասված է հայտարարության տեքստում:
Գործող քաղաքապետի թիմակիցները նաեւ հույս են հայտնել, որ Գյումրու կառավարման համակարգում ընդդիմության դերում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խմբակցության դերակատարումը եւ գործողությունները կլինեն ոչ պակաս արդյունավետ, քան համատեղ կառավարման ժամանակ:
Հայտարարությանը կհետեւի այլ հայտարարություն, թե գործողություն արդեն ՔՊ-ականների կողմից, պարզ կդառնա շուտով։
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։