Իսրայելական բանակը դեկտեմբերի 13-ին սկսել է ծովի ջուրը մղել Գազայի հատվածում գտնվող ՀԱՄԱՍ-ի հսկայական թունելային համալիր: Դրա մասին հայտնել է The Wall Street Journal պարբերականը՝ վկայակոչելով գործողությունների մասին տեղեկացված ամերիկացի պաշտոնյաներին։
Դա ՀԱՄԱՍ-ի ստորգետնյա ենթակառուցվածքները ոչնչացնելու մեթոդներից մեկն է։ Ըստ The Wall Street Journal պարբերականի աղբյուրների՝ գործողությունը կտեւի մի քանի ամիս։
Գազայի հատվածի տակ գտնվող թունելների երկարության եւ գտնվելու մասին պաշտոնական ստույգ տվյալներ չկան։ Ենթադրվում է, որ ցանցը բաղկացած է մոտավորապես 1300 թունելից՝ 400-500 կիլոմետր ընդհանուր երկարությամբ (համեմատելի է Մոսկվայի մետրոյի երկարության հետ, որն ունի 460 կիլոմետր):
Թունելների լայնությունը եւ բարձրությունը երկու մետրից ոչ ավելի են: Ըստ The Washington Post-ի՝ թունելները բաժանվում են մի քանի տեսակի՝ կախված կիրառությունից։ Կան տնտեսական թունելներ, որոնցով մաքսանենգ ապրանքները բերվում են Գազայի հատված։ Կան նաեւ թունելներ ՀԱՄԱՍ-ի բարձրագույն ղեկավարության համար, եւ թունելներ, որոնցով ՀԱՄԱՍ-ը ներխուժել է Իսրայել՝ անսպասելի հարձակում գործելու նպատակով: