Մենք ազատագրեցինք այն տարածքի 50 տոկոսը, որը Ռուսաստանը գրավել էր փետրվարի 24-ից հետո: ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենի հետ դեկտեմբերի 12-ին անցկացված համատեղ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Նա հավելել է, որ ուկրաինական ուժերը հաջողության են հասել Սեւ ծովում:
Ուկրաինայի նախագահը նշել է նաեւ, որ Բայդենի հետ հանդիպմանը քննարկել է 2024 թվականի ռազմական արշավի ծրագրերը՝ ՀՕՊ ուժեղացում, Ուկրաինայի օդային գերակայություն եւ հարձակումներ Ռուսաստանի մատակարարման շղթաների վրա։ «Ով վերահսկում է երկինքը, վերահսկում է պատերազմի տեւողությունը»,- շեշտել է Զելենսկին:
Bloomberg-ի լրագրող Ջենիֆեր Ջեյքոբսը հայտնել է, որ Բայդենի հետ հանդիպման ժամանակ Զելենսկուն հարցրել է՝ արդյոք կարող է հաղթել Ռուսաստանին առանց ԱՄՆ-ի լրացուցիչ օգնության: Ուկրաինայի նախագահը պատասխանել է անխոս՝ թեթեւակի թոթվելով ուսերը։
Ճեպազրույցում Բայդենը հայտարարել է, որ ԱՄՆ-ը արագորեն մոտենում է Ուկրաինային հետագա օգնություն ցուցաբերելու կարողության կորստին: «Պուտինը հույսը դնում է այն բանի վրա, որ ԱՄՆ-ը չի կարողանա անհրաժեշտ մատակարարումներ անել Ուկրաինային,- հավելել է Բայդենը։- Ես չեմ լքի Ուկրաինան, եւ բոլոր ամերիկացիները չեն լքի այն: Եթե մենք չկանգնեցնենք Պուտինին, վտանգի տակ ենք դնում ամբողջ աշխարհը»։
Անդրադառնալով ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության թեմային՝ ԱՄՆ նախագահն ասել է, որ Ուկրաինան ՆԱՏՕ կմտնի հաղթանակից անմիջապես հետո, եւ երբ բոլոր անդամ երկրները համաձայնության գան։