Վայոց ձորի մարզի Գլաձորի բազմամետաղային հանքավայրի շահագործման մասին խոսակցությունները հատել են մեկ դարի սահմանը։ Տարածքում առաջին ուսումնասիրություններն անցկացվել են դեռեւս 1910 թվականին ֆրանսիացի երկրաբանների խմբի կողմից։ Տեղի բնակիչները նշում են, որ մարզի Մալիշկա գյուղի տարածքում նաեւ հետազոտական խմբի այլազգի մի քանի անդամների գերեզմաններ կան։
Հետագա տասնամյակներում հանքի շահագործման մասին խոսակցությունները չեն դադարել, ավելին՝ վերջին տարիներին էապես ակտիվացել են։ Մարզաբնակները լավ են հիշում տարբեր վարկածները, թե ինչ հետեւանքներ կարող է ունենալ հանքի շահագործումը թե՛ տեղանքի, թե՛ բնակչության առողջության վրա։
Վայոց ձորի բնակիչները մի քանի անգամ իրենց անհամաձայնությունը հայտնել են մարզում հանքարդյունաբերությանը, այդ թվում՝ Գլաձորի հանքավայրի շահագործմանը։ Ավելի քան 2600 անձի մասնակցությամբ անցկացված ստորագրահավաքը, սակայն, իրավական որեւէ ուժ այժմ չունի։
Եղեգնաձոր խոշորացված համայնքի բնակիչ Հայկ Իսախանյանը, որ նաեւ Գլաձորի հանքավայրի ուսումնասիրման, արդյունահանման, շահագործման դեմ աշխատանքային նախաձեռնող խմբի անդամ է, նշում է, որ ստորագրահավաքի՝ իրավական ուժ չունենալու պատճառն այն է, որ այն բնակիչներն են կազմակերպել։
«Այդքան ստորագրությունները ոչինչ են դառնում, որովհետեւ դրանք կազմակերպելու իրավասություն ունեն տեղական ինքնակառավարման մարմինները, մարզպետարանը եւ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը։ Համայնքի ղեկավարի կամ ավագանու որոշմամբ պետք է լինի, որ իրավական ուժ ունենա։ Հիմա փորձում ենք ամեն ինչ անել, որ լսեն ժողովրդի ձայնը, իրենք կազմակերպեն»,- ասում է Իսախանյանը։
Համայնքի բնակիչը նշում է՝ իրենք մասնագետ չեն, բայց տարիներ շարունակ լսել են հենց մասնագետների խոսքը շահագործման հետեւանքների վերաբերյալ։ Համայնքում տարբեր տարիներին աշխատել են երկրաբաններ, քիմիկոսներ, որոնք եւս արձանագրել են՝ հանքի շահագործումը վնասելու է թե՛ բնակիչների առողջությանը, թե՛ շրջակա միջավայրին։
«Դեռեւս նախորդ տասնամյակների ընթացքում, երբ քննարկվել է հանքի շահագործման հավանականությունը, որոշվել է հանքի՝ 30 կմ շառավղով տարածքում բնակվողներին տեղափոխել՝ նրանց առողջությանը չվնասելու համար»,- ասում է Իսախանյանը։
Վերջին տարիներին, ըստ նախաձեռնող խմբի անդամների, հանքի շահագործմամբ հետաքրքրվում են նույն մարդիկ, որոնք պարզապես ժամանակ առ ժամանակ ներկայանում են այլ ընկերությունների անուններով։ Այդ ընկերությունները, ըստ Իսախանյանի, վստահություն չեն ներշնչում։ «Դրանք հանքարդյունաբերության կենսագրություն չունեն, փոխարենը ունեն բնակարան, այդտեղ գրանցված ընկերություն, որով դիմում են հանքարդյունաբերության համար: Մենք գրագետ հանքարդյունաբերությանը դեմ չենք, բայց չունենք ապացույց, որ իրենք գրագետ կարող են աշխատել, որովհետեւ չունեն դա վկայող կենսագրություն»,- ասում է Իսախանյանը։
Հիմնական վտանգը, որ փաստում են բնակիչներն ու մասնագետները, մարզի ջրային ռեսուրսների աղտոտումն է։ Գլաձորի բազմամետաղային հանքավայրը Թեքսարի վրա է։ Թեքսարը եւ հարակից բարձունքները Արփա-Եղեգիս գետերի ջրահավաք ավազանն են, որտեղից սկիզբ են առնում Վերնաշենի, Մալիշկայի, Հերհերի եւ Եղեգիսի կիրճ թափվող գետերը։ Դրանից բացի՝ Վերնաշեն, Գլաձոր, Մալիշկա, Վայք բնակավայրերի խմելու ջրի ակունքները Թեքսարի ջրահավաք ավազանում են։
«Համոզված ենք, որ հանքի շահագործման դեպքում ջրերը կհարստացվեն ծանր մետաղներով, շրջակա միջավայրը կաղտոտվի թունավոր ու դատարկ ապարներով»։
Այդ ամենից բացի՝ Թեքսարը Եղեգնաձոր-Եղեգիս արգելավայրի տարածքում է, հարեւանությամբ էլ համայնքի բնակիչների սեփականաշնորհված արոտավայրերն ու խոտհարքներն են, մի քանի կիլոմետր հեռավորության վրա անցնում է Արփա-Սեւան ջրատարը։ «Մենք պարզապես ուզում ենք՝ բնակիչներին հարցնեն՝ իրենք համաձա՞յն են այդ տարածքում հանքարդյունաբերությանը, թե՞ ոչ։ Որոշումը չպետք է լինի միայն համայնքի ավագանունը։ Դրա մոտ 20 անդամների ձայնի վրա ազդելը հեշտ է․ կքվեարկեն այն որոշման օգտին, որը կկայացնի համայնքապետը։ Տարիներ շարունակ մարզում գյուղատնտեսության, մասնավորապես՝ այգեգործության մեջ ավելի շատ միջոցներ են ներդրվել, քան հանքի տված արդյունքն է լինելու»,- ասում է Իսախանյանը։
Համայնքի բնակիչը հիշեցնում է նաեւ Վերնաշենում ջրամբար կառուցելու՝ իշխանության խոստումը։ Հայտարարվել էր, որ մարզում չորս ջրամբար պետք է կառուցվի, որոնցից մեկը ազդակիր համայնքում է լինելու։
Տարբեր հաշվարկներով՝ ջրամբարի կառուցումը կարող է նպաստել համայնքների շուրջ 1600 ընտանիքի՝ գյուղատնտեսությամբ զբաղվելուն։ «Հանքի շահագործման դեպքում, եթե նույնիսկ հաշվի չառնենք հետագա վտանգները, հայտնի էլ չէ՝ քանի հոգի կաշխատի համայնքից։ Օրինակ՝ 60 հոգի աշխատի, եկամուտ ստանա, իսկ մյուսնե՞րը։ Համեմատելի՞ են հնարավորությունները, նաեւ՝ արդյունքի շարունակականությունը»,- նշում է Իսախանյանը։
Առաջիկա օրերին նախաձեռնող խմբի անդամները ՏԻՄ-ին կփոխանցեն վերջին տարիների ընթացքում հավաքած փաստաթղթերի փաթեթը, որում մանրամասն նշված են հանքի շահագործման վտանգները եւ ուսումնասիրությունների արդյունքները։ Հույս ունեն, որ թույլտվություն կունենան այդ փաստաթղթերը ներկայացնելու նաեւ մարզի տարբեր կառույցներում, կրթօջախներում։
Լրագրությունը որպես մասնագիտություն ընտրելիս հավատացած էի` այն կարող է աշխարհը փոխել: Հիմա մտածում եմ` գուցե աշխարհը փոխել չստացվի, բայց որոշ դեպքերում իրավիճակ փոխել հնարավոր է: