ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ 2024 թվականին վերընտրվելու դեպքում կդիտարկի Հյուսիսային Կորեային միջուկային զենք պահպանելու թույլտվության հնարավորությունը: Դրա մասին հայտնել է ամերիկյան Politico պարբերականը:
Ըստ Politico-ի՝ Թրամփը մտադիր է միջուկային ծրագրի սառեցման դիմաց Հյուսիսային Կորեային ֆինանսական խթաններ եւ պատժամիջոցների վերացում առաջարկել:
«Այս քայլը կնշանակեր կտրուկ նահանջ այդ հարցում Թրամփի նախկին դիրքորոշումից եւ զիջումներ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի նկատմամբ, որի հետ Թրամփն իր պաշտոնավարման ընթացքում անսովոր բարեկամական հարաբերություններ է զարգացրել»,- նշում են հոդվածի հեղինակները։