Եվրախորհրդարանը դեկտեմբերի 13-ին ճնշող մեծամասնությամբ հավանություն է տվել Վրաստանին թեկնածուի կարգավիճակ տալու եւ Ուկրաինայի, Մոլդովայի եւ Բոսնիա եւ Հերցեգովինայի ԵՄ անդամակցության բանակցությունների մեկնարկին աջակցող բանաձեւին:
«Ազատություն» ռադիոկայանի եվրոպացի խմբագիր Ռիկարդ Յոզվյակը հիշեցրել է, որ Եվրախորհրդարանը պաշտոնապես իրավունք չունի քվեարկելու ԵՄ ընդլայնման գործընթացում. բանաձեւերն իրենց բնույթով խորհրդատվական են:
ԵՄ ընդլայնման հարցերը կազմակերպության գագաթնաժողովում կքննարկվեն դեկտեմբերի 14-15-ին։ Այդ արդյունքների հիման վրա Վրաստանը կարող է ստանալ Եվրամիության թեկնածուի կարգավիճակ՝ մի բան, որը նրան մերժել էին անցյալ տարի։ Միաժամանակ Եվրամիությանն անդամակցելու շուրջ կարող են թույլ տալ բանակցություններ սկսել Ուկրաինային, Մոլդովային եւ Բոսնիա եւ Հերցեգովինային։
Ավելի վաղ լրատվամիջոցները, վկայակոչելով բարձրաստիճան եվրոպացի դիվանագետներին, հայտնել էին, որ եթե Հունգարիան վետո դնի ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցություններ սկսելու որոշման վրա, Վրաստանի դիմումը կարող է ինքնաբերաբար «տապալվել»:
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանին տված բացառիկ հարցազրույցում իր երկրին ԵՄ-ի թեկնածուի կարգավիճակ տրամադրելու հնարավոր մերժումն անվանել էր «Վրաստանի պարտություն եւ հաղթանակ Ռուսաստանի համար»: