Շարունակություն (սկիզբը՝ այստեղ)
Հասկանալի է, որ երբ Մոսկվան սկսում է դիմել եղբայրական ժողովրդին, որը տառապում է «ժամանակավոր վարչակազմի ձեռքին» (Սերգեյ Լավրովի խոսքերը), հաշվի չի առնում իր «երկարաժամկետ շահերը» (Մարիա Զախարովայի խոսքերը), հետն էլ վկայակոչում է իր հարեւանների (գուցե Վրաստանի՞, թե՞ միանգամից Ուկրաինայի) փորձը, դա արդեն սպառնալից է հնչում։ Բայց ի՞նչ հնարավորություններ ունի Մոսկվան այդ սպառնալիքն իրագործելու համար։
Հայկական լրատվամիջոցները սիրում են դատողություններ անել, թե Ռուսաստանը լիովին վերահսկում է Հայաստանը, եւ ցանկության դեպքում «ավագ եղբայրը» կարող է խելքին փչածն անել «կրտսեր եղբոր» հետ՝ նույնիսկ հարեւանին կեր դարձնելու աստիճան: Բայց եթե սթափ նայեք Մոսկվայի ճնշման բոլոր լծակներին, մի զարմանալի բան կարող է պարզվել. այդ լծակներից գլխավորը ղարաբաղյան հակամարտությունն էր, եւ առանց դրա Կրեմլն այստեղ առանձնապես կառչելու տեղ չէր ունենա:
Զուգընթաց կորուստներ
{Մոսկվան կարող է} ձմռանը բարձրացնել գազի գինը կամ Վերին Լարսում առեւտրային շրջափակում կազմակերպել (ոմանք պնդում են, որ շրջափակում արդեն իսկ կա), բայց դա առաջին հերթին կհարվածի բնակչությանը՝ ոչնչացնելով «պատմական դաշնակցի» նկատմամբ արդեն իսկ նվազող վստահության վերջին մնացորդները։
Ադրբեջանի հետ ցուցադրական մերձեցումը կարող էր գրավիչ տարբերակ լինել, եւ եթե սխեմային ավելացնեք Իրանի եւ Թուրքիայի հանգամանքը, ապա այդ ամենը կարելի է երեւակայել իբրեւ հիրավի «ինքնիշխան գործընկերների» միություն՝ ընդդեմ «արեւմտյան երեսպաշտների»։
Հանգամանքների համընկնումն ավելի հաջող է թվում, քան երբեւէ. Բաքուն ինքն էլ կատաղած հարձակվում է Բրյուսելի եւ Վաշինգտոնի վրա, որոնք քննադատում են նրան ղարաբաղյան հակամարտության ուժային լուծման համար, հետն էլ ֆինանսավորում են ընդդիմադիր լրատվամիջոցներին. ցավալիորեն ծանոթ վիճակ ռուս գործընկերների համար:
Ճիշտ է, մի նրբերանգ կա. Արեւմուտքի հանդեպ Ադրբեջանի դժգոհությունը նրա դիրքորոշումը ռուսամետ չի դարձնում, հատկապես Ուկրաինայի հարցում։ Ադրբեջանում արտադրված արկերի մատակարարումը Կիեւ դեռեւս վարկած է, ոչ թե ապացուցված փաստ, բայց դրա արձագանքը ցուցիչ է։ Ադրբեջանական հասարակության թե՛ ստորին, թե՛ վերին խավերը միայն ուրախ կլինեն, եթե այդ զեկույցն իրականություն դառնա, քանի որ նրանք համակրում են Ուկրաինային, թեեւ գիտակցում են զգույշ գործելու անհրաժեշտությունը։
Բայց եթե նույնիսկ «ուկրաինական հարցը» մի կողմ դնենք, Բաքվի հետ հարաբերություններ զարգացնելը նշանակում է ջուր լցնել նրանց ջրաղացին, ովքեր պնդում են, թե Ռուսաստանն ի սկզբանե հանցավոր համաձայնության է եկել Ալիեւի եւ Էրդողանի հետ։ Իսկ դա ե՛ւ քաղաքականապես նպատակահարմար է, ե՛ւ սխալ. Ռուսաստանը թույլ է տվել Ադրբեջանին բռնազավթել Ղարաբաղը ոչ թե խարդավանքից, այլ թուլությունից դրդված։
Ինչ անել
Մնում են տարբերակներ, որոնց մասին ընդունված չէ բարձրաձայն խոսել, բայց որոնք բոլորը մտքում են պահում. Հայաստանում իշխանափոխություն անել քաղաքացիական բողոքի կամ ռազմական հեղաշրջման միջոցով։ Նման սցենարից շատերը վախենում էին (իսկ ոմանք տենչում էին դա) դեռեւս 2021 թվականի սկզբին՝ 44-օրյա պատերազմում կրած պարտությունից անմիջապես հետո: Ինչպես վերջերս ասաց պատգամավոր Կոնստանտին Զատուլինը, այն օրերին հայ ընդդիմադիրները նույնիսկ ուղղակիորեն հայցում էին Մոսկվայի աջակցությունը, սակայն մերժում ստացան։
Պատճառների թվում Զատուլինը նշում է ռուս դիվանագետների՝ միայն պաշտոնական իշխանությունների հետ գործակցելու սկզբունքը, սակայն հարցի էությունն, ըստ երեւույթին, լրիվ ուրիշ է։ Նախ՝ Փաշինյանի ստորագրությունը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության տակ է, ինչը նշանակում է, որ նրան փոխարինելու եկած ցանկացած ոք կարող էր հրաժարվել իր նախորդի որոշումից եւ պահանջել վերանայել փաստաթուղթը։ Երկրորդ՝ ՌԴ ԱԳՆ-ում դեռ այն ժամանակ հասկացել էին, որ Փաշինյանի վարկանիշը ինչքան էլ ցածր լիներ, Հայաստանի քաղաքականության վետերանների՝ Ռոբերտ Քոչարյանի եւ Վազգեն Մանուկյանի վարկանիշն էլ ավելի ցածր էր։
Ռազմական հեղաշրջման փորձ էլ է եղել, բայց դրա արդյունքը զրոյական էր
«Բա չգիտե՞ս՝ հայ սպաներն ամենաուժեղ կապերը ո՛ր երկրի բանակի հետ ունեն։ Չլինի՞ մտածում ես՝ դա առանց նրանց իմացության է արվել»,- ինձ վստահեցնում էր ռուսամետ ճամբարի հայ գործընկերս, որն անկեղծորեն հավատում էր, որ Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանից խունտայի առաջնորդ դուրս կգա, որը գահընկեց կանի թույլիկ Փաշինյանին ու երկաթյա ձեռքով կարգուկանոն կհաստատի:
Սակայն իրականում դա պատմության մեջ ամենախաղաղ ու ձանձրալի ռազմական հեղաշրջումն էր. մասնակիցները բաց նամակ էին հրապարակել՝ պահանջելով կառավարության հրաժարականը, իսկ հետո՝ թեթեւակի հորդորներից հետո, հենց իրենք հրաժարական տվեցին։ Հետեւաբար զրուցակիցս սխալվում է. նրանց հետեւում «Մոսկվայի ձեռքը» չկար։
2023-ին սիրտ անել դիմել մի քայլի, որը չափազանց ռիսկային էր թվում 2021-ին, Մոսկվայի համար ոչ միայն վտանգավոր կլինի, այլեւ տեղով ինքնասպանություն: Ներկա պայմաններում Փաշինյանի դեմ կարող է արտահայտվել միայն նա, ով իրեն դրսեւորում է գործող իշխանությունից ոչ պակաս արեւմտամետ, բայց միեւնույն ժամանակ առավել բանիմաց է։
Ներկայում ակնառու թեկնածուներ չկան, եւ հայերին ներշնչելու փորձը, որ լավագույն տարբերակը հետ գնալն է, կարող է հզոր հակահարված հարուցել: Փաշինյանին կշտամբող ռուսամետ տելեգրամյան ալիքների ցանցն արդեն բավարար չի լինի. անհրաժեշտ կլինի ե՛ւ «տիտուշկիներ»* ներգրավել, ե՛ւուժային կառույցներում լոյալ կադրերի իսկական ներգրավվածություն ապահովել։
*«Տիտուշկի» (ուկրաիներեն – «titushki») հավաքական եզրույթ է, որով Ուկրաինայում բնութագրում են սադրիչի դեր ստանձնող կամ քաղաքացիական ակցիաները «զտող» սպորտային կազմվածքով եւ հագուստով երիտասարդներին։ Եզրույթն առաջացել է տիպիկ «տիտուշկա» սադրիչի նախատիպ ծառայող մարզիկ Վադիմ Տիտուշկոյի անունից:
Վախճանն, ամենայն հավանականությամբ, կլինի նույնը, ինչ 10 տարի առաջ Կիեւում. երկիրը կփորփրեն մրջնանոցի պես, իսկ նպատակը (սեփական ուղեծրում ազդեցությունը պահպանելը) դեռեւս կմնա անհասանելի։ Ժամանակակից Հայաստանում նախնական տվյալները, ի դեպ, նույնիսկ ավելի վատն են, քան Ուկրաինայում 2013-ին. երկիրն արդեն հասցրել է դառնություն ճաշակել եւ համոզված է, որ դրա մեղավորը Ռուսաստանն է։
Հավատալը, թե Մոսկվան կարող է հանգիստ հետեւել՝ ինչպես են երեւանյան այրերը Բրյուսելի եւ Վաշինգտոնի հետ տարածաշրջանային անվտանգության հարցեր քննարկում, հեշտ բան չէ: Այնուամենայնիվ, հենց այս սցենարն է թվում ամենառացիոնալը: Արեւմտյան քաղաքական գործիչները դանդաղկոտ են եւ միշտ չէ, որ վճռական են տրամադրված, ինչը նշանակում է՝ միանգամայն հնարավոր է, որ հայ հասարակությունը դեռ ժամանակ կունենա հիասթափվելու չափազանց բարձր ակնկալիքներից հետո։ Այսպիսով՝ Ռուսաստանի հետ հարաբերությունները վերականգնելու ճանապարհը գուցե անցնի «թող ամեն ինչ գրողի ծոցը գնա» դիրքորոշման միջով, այնուհետեւ՝ հանդարտվելու եւ ռացիոնալությանը վերադառնալու եղանակով։ «Ռուսամետ մայդանը» կամ տնտեսական խեղդամահությունը ջնջում է ցանկացած դրական սցենար։
Ես հաճախ համաձայն չեմ Ռուսաստանի արտաքին քաղաքականության հետ, բայց Մոսկվան այժմ կարծես թե ըմբռնում է այդ սպառնալիքները, եւ դա լավ է բոլորի համար:
Կիրիլ Կրիվոշեեւ, RTVI
Պատրաստեց Ռոբ Մանուկյանը