ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը Երեւանում դեկտեմբերի 15-ին անցկացված միջկառավարական հանձնաժողովի նիստի ժամանակ նշել է, որ ռուս-վրացական սահմանի «Վերին Լարս» անցակետը բնակլիմայական պատճառներով չի կարող ամբողջ տարվա ընթացքում ապահովել տրանսպորտային հաղորդակցությունը: Այս հանգամանքը լրջորեն խոչընդոտում է երկու երկրների հարաբերությունների զարգացումը։ Ռուսաստանը փաստացի աջակցում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարած «Խաղաղության խաչմերուկի» կառուցմանը, Կայունացման եւ զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցով ֆինանսավորվում է «Հյուսիս-Հարավ» ավտոճանապարհային միջանցքի չորրորդ փուլի կառուցումը:
Բանակցում են Հայաստանում նոր ատոմային էներգաբլոկներ կառուցելու շուրջ
Ալեքսեյ Օվերչուկը միաժամանակ նշել է, որ Երեւանն ու Մոսկվան բանակցություններ են վարում Հայաստանում նոր ատոմային էներգաբլոկներ կառուցելու շուրջ։ Նա հավելել է, որ ատոմային էներգիայի խաղաղ օգտագործումը երկկողմ հարաբերությունների օրակարգում չափազանց կարեւոր թեմա է։ ՌԴ կառավարության փոխնախագահը հայ գործընկերներին շնորհակալություն է հայտնել Մեծամորի ատոմակայանի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ռուսական ընկերության օգտին ընտրություն կատարելու համար:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայաստանի ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման նպատակով Կառավարությունը 65 միլիոն դոլարի պայմանագիր կկնքի ռուսական «Ռոսատոմ» ընկերության հետ։
Նպաստավոր պայմաններ՝ հայկական ավիաընկերությունների համար
Միջկառավարական հանձնաժողովի նիստում ՌԴ փոխվարչապետը խոստացել է, որ Ռուսաստանի օդանավակայաններում ՀՀ ավիաընկերությունների համար վճարներին առնչվող խնդիրը կհաղթահարվի։
«Միջկառավարական հանձնաժողովի նիստում շատ կարեւոր պայմանավորվածություն է ձեռք բերվել` ներդաշնակեցնել օդանավակայանային եւ աերոնավիգացիոն սակագներն ու տուրքերը»,- նշել է Օվերչուկը։ Նա համոզմունք է հայտնել, որ դա առավել լավ պայմաններ կստեղծի դեպի Ռուսաստան թռիչքներ կատարող հայկական ավիաընկերությունների համար։