Մոսկվայի եւ Երեւանի դաշնակցային կապերն այսօր փորձության են ենթարկվում, եղբայրական ժողովուրդների հարաբերություններում Արեւմուտքը փորձում է սեպ խրել։
Դրա մասին ասված է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ «Ռուսաստան-Հայաստան» առաջին հանրային ֆորումի մասնակիցներին հղված ուղերձում, որն ընթերցել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
«Արժեքավոր է այս նախաձեռնությունը, որը կոչված է պայմաններ ստեղծել միավորող օրակարգի որոնման համար, ինչպես նաեւ նպաստել Հայաստանում եւ Ռուսաստանում հասարակական կարծիք ձեւավորող նոր դեմքերի ի հայտ գալուն»,- նշել է ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը: Լավրովը վստահություն է հայտնել, որ քննարկումների արդյունքում գործնական առաջարկություններ կմշակվեն եւ օգտակար կապեր կհաստատվեն։
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ Ուկրաինայում Արեւմուտքի ծրագրերը ձախողվել են, եւ վերջինս ճանկել է Հայաստանը՝ փորձելով պոկել Ռուսաստանից։