«Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ն «Ոլորտների թվայնացում հանուն մրցունակության» RECONOMY ծրագրի շրջանակում Երեւանում համաժողով էր կազմակերպել:
Մասնակցում էին Հայաստանի, Վրաստանի եւ Մոլդովայի գյուղատնտեսության, զբոսաշրջության եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտների, համապատասխան պետական գերատեսչությունների ներկայացուցիչներ։
Ծրագիրն աշխատում է Արեւելյան գործընկերության երկրներում զբոսաշրջության, գյուղատնտեսության եւ արտադրական ոլորտների թվային վերափոխման ընդլայնման ուղղությամբ։ Նպատակն այդ ոլորտներում գործող փոքր եւ միջին ձեռնարկությունների թվային զարգացումն է եւ նոր տեխնոլոգիաների ներդրումը։
Ծրագրի անվանումը՝ RECONOMY, ենթադրում է վերսկսելու, տնտեսության աշխուժացման գաղափարը։
Համաժողովին ներկա՝ Հայաստանում Շվեդիայի Թագավորության փոխդեսպան Կլաս Վալդենստրյոմը ելույթում նշեց՝ թվային լուծումների դերը բիզնեսի կայունության եւ շրջակա միջավայրի պաշտպանության գործում շատ կարեւոր է։
Ըստ ծրագրի ղեկավար Ալլա Հովհաննիսյանի՝ այս նախաձեռնությունը կանանց, երիտասարդներին ու խոցելի խմբերին կներգրավի փոքր եւ միջին բիզնեսի ոլորտ։ Նպատակն է աշխատել ՏՏ ընկերությունների հետ, խրախուսել, որ ավելի շատ օգտակար թվային լուծումներ առաջարկեն փոքր եւ միջին բիզնեսի համար:
«Հայաստանում, Մոլդովայում եւ Վրաստանում ՏՏ ընկերությունները հիմնականում աշխատում են արտաքին շուկայի, արտահանման ուղղությամբ։ Թվային լուծումները փոքր եւ միջին բիզնեսի ոլորտներում ակնհայտորեն բավարար չեն։ Մենք ցանկանում ենք արդյունավետ համագործակցություն ստեղծել փոքր եւ միջին բիզնեսի եւ ՏՏ ոլորտի ընկերությունների միջեւ»,- ասաց Ալլա Հովհաննիսյանը։
Ձեռնարկատերերը երբեմն չեն ցանկանում կամ չունեն ֆինանսական միջոցներ թվային նոր լուծումներ ներդնելու համար, ավելին՝ նրանք շատ հաճախ նույնիսկ չգիտեն, թե ինչ լուծումներ կան այսօր, եւ ինչպես կարող են դրանք հեշտացնել աշխատանքը։
«Հայաստանում, Վրաստանում, Մոլդովայում շատերը գիտեն միայն տարրական հաշվապահական լուծումների մասին։ Իրավիճակն այդպիսին է հատկապես մարզերում»,- մանրամասնեց Ալլա Հովհաննիսյանը։
«Ոլորտների թվայնացում հանուն մրցունակության» RECONOMY ծրագիրը նախատեսված է չորս տարվա համար։ Սկսվել է 2023-ի ապրիլին, եւ առաջին արդյունքներն արդեն կան. ՏՏ ոլորտը ներկայացնող մոլդովական մի ընկերություն իր արտադրանքը կներկայացնի Հայաստանի փոքր եւ միջին ձեռնարկություններին: Կան վրացական ընկերություններ էլ, որ ցանկանում են մուտք գործել Հայաստանի եւ Մոլդովայի շուկաներ։
«Սքայ Ագրո» ընկերությունն առաջիններից է Հայաստանում, որ կիրառում է գյուղատնտեսական անօդաչու թռչող սարքեր՝ ագրոդրոններ։ Ցանքատարածքներում եւ այգիներում հիվանդությունների բուժման համար նախատեսված թունաքիմիկատները բույսերի վրա ցողվում են հենց այդ դրոնների միջոցով։ «Աքայ ագրո» ընկերությունը ֆերմերներին առաջարկում է օգտվել այդ ծառայությունից»: Ընկերության համահիմնադիր Միհրան Սահակյանի կարծիքով նման ծրագրերն արդյունավետ են։
«Դա հնարավորություն է տալիս մեր ֆերմերներին խուսափելու բերքի վնասվելուց, որն անիվների տակ կտրորվի, եթե այգիների բուժումը տրակտորների միջոցով արվի։ Թվային մեթոդները կարող են հեշտացնել ֆերմերների գործը»,- մանրամասնեց Միհրան Սահակյանը։
Համաժողովի ավարտին կազմակերպիչները վստահեցրին՝ «Ոլորտների թվայնացում հանուն մրցունակության» RECONOMY ծրագիրն առաջիկայում նոր թվային մեթոդներ կներկայացնի, որոնք փոքր եւ միջին բիզնեսի աշխատանքները վստահաբար կդյուրացնեն եւ ավելի արդյունավետ կդարձնեն։
Լրագրողն իր մասնագիտական գործունեությամբ հասարակական կարծիք է ձեւավորում։ Հենց ա՛յդ գիտակցումով եմ առաջնորդվում եւ աշխատում։