«Ռոսատոմը» կարող է Երեւանում սկսել նախկին «Նաիրիտ» քիմկոմբինատի տարածքի ռեկուլտիվացման՝ վերականգնման աշխատանքները: Դրա մասին ՏԱՍՍ գործակալությանը հայտնել է «Ռոսատոմի» բնապահպանության ոլորտում պետական եւ ոլորտային ծրագրերի իրականացման ուղղության տնօրեն Անդրեյ Լեբեդեւը:
Նա նշել է, որ դրա համար անհրաժեշտ է հայկական կողմի համապատասխան ցանկությունը: «Եվ մենք, մեր կառավարության համապատասխան հանձնարարականների եւ հայկական կողմից հետագա ուշադրության եւ հարցման դեպքում, իհարկե, կզբաղվենք այդ խնդրով»,- հավելել է Լեբեդեւը: Նա նշել է, որ նախախորհրդատվությունն արդեն փոխանցվել է հայկական իշխանություններին:
«Ռոսատոմի» պաշտոնյան նշել է, որ անցյալ տարի հայկական կողմի դիմումով ձեռնամուխ են եղել այդ հարցի մշակմանը։ Ըստ նրա՝ Երեւան կատարած այցի ընթացքում «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին է փոխանցել կարճ ժամանակահատվածում արված մեծ աշխատանքի արդյունքների վերաբերյալ վերլուծական հաշվետվությունը:
Լեբեդեւը նշել է նաեւ, որ ռուս մասնագետները գույքագրել են նախկին քիմիական կոմբինատի տարածքում կուտակված թափոնները:
Դեռ 2022-ի հոկտեմբերին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) աշխատակազմի ղեկավար Լիլիթ Միրզախանյանը հայտարարել էր, որ կառույցը մտադիր է ոչնչացնել «Նաիրիտ» գործարանի 34 քիմիական նյութերը, որոնց պաշարները պահվում են գործարանում։ 34 նյութ կարելի է ոչնչացնել հայտնի մեթոդներով, սակայն հայտնի չէ, թե «լաքեթինոլ» անվամբ նյութից ինչպես կարելի է ազատվել։
Միրզախանյանը նշել էր, որ նման տեխնոլոգիայի չեն տիրապետում անգամ արտասահմանյան մասնագետները, դրա համար շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում (ՇՄԱԳ) է անհրաժեշտ։ «Հայաստանցի գիտնականները զբաղվում են լաքեթինոլի ոչնչացման տարբերակ գտնելու հարցով, այդ խնդրով դիմել ենք նաեւ միջազգային տարբեր կազմակերպությունների։ Լաքեթինոլի ինքնայրումը պայթյուն կարող է առաջացնել»,– նշել էր ԱԻՆ-ի աշխատակազմի ղեկավարը։