Սերիալը առօրյան լցնելու, հոգսերով ապրող մարդուն իրականությունից կտրելու, այլ՝ ավելի գունեղ, դրամատիկ, իրադարձություններով լեցուն աշխարհ տանելու հատկություն ունի։
Մշակութաբան Կարինե Հակոբյանի կարծիքով` սերիալները կարող են նաեւ շշմեցնել հասարակությանը եւ կախվածության մեջ գցել, ինչը կարող է վտանգավոր լինել՝ նայած թե դրանք ինչ բովանդակությամբ են հրամցվում:
Իսկ ի՞նչ միտք ու բովանդակություն են հայկական հեռուստասերիալներն առաջարկում հանրությանը:
Ֆիլմերի եւ սերիալների սիրահար Մերի Զեյնալյանը չի դիտում հայկական հեռուստասերիալներ այն պատճառով, որ «այդտեղ կա բռնություն, ծեծ, հայհոյանք, նվաստացում, դերասանները ժարգոնով են խոսում եւ վիրավորում են միմյանց` օգտագործելով ցածրակարգ բառապաշար»:
Ճանաչված դերասանուհի Նարինե Գրիգորյանն ասում է, որ հայկական իրականության մեջ կան սերիալներ, որտեղ տղամարդը ծեծում է կնոջը, սա մեծ ազդեցություն է թողնում այն սերնդի վրա, որը տեսնում է, որ նորմալ եւ գուցե խրախուսելի է կանանց եւ աղջիկներին ծեծելը։
Խոսելաձեւին անդրադառնալիս դերասանուհին մեջբերում է Սոս Սարգսյանի խոսքերը, որ նա ասել է սերիալների դերասաններին. «Էդ ո՞նց եք խոսում, ձեր տանը քո հայրը էդպե՞ս ա խոսում, էդպե՞ս ա բերանը ծռում, տեսե՞լ եք ձեր շրջապատում էդպիսի մարդ»:
«Սերիալների՝ որակյալ լինելու հարցում մեծ է պետության անելիքը. եթե պետությունը չունի առողջ հասարակություն ձեւավորելու նպատակ, սերիալները թողնվում են ինքնահոսի: Սուտ է, երբ ասում են` ժողովուրդն ունի պահանջարկ` տեսնել բռնություն կամ լսել աղավաղված հայոց լեզու: Դա իրական կարող է լինել այն դեպքում, երբ ինքը փչացած է։ Բայց հայ ժողովուրդն իր բնազդով եւ մշակութային կոդով բնավ այդպիսին չէ»,- ասում է Կարինե Հակոբյանը:
Նարինե Գրիգորյանը, օրինակ, չի նկարահանվում սերիալներում: «Հայկական սերիալների ոչ պրոֆեսիոնալիզմը սկսվում է սցենարից. սցենար գրողների չիմացությունը եւ անելանելիությունը շատ ակնհայտ երեւում են սերիալներում։ Երբ դիտումները մի փոքր թուլանում են, սցենարիստը որոշում է ավտովթար կազմակերպել, հիվանդանոց գցել հերոսներին, հանկարծ պարզվում է, որ երեխան վերցված է եւ այլն։ Սա բացարձակ կտրված է մեր իրականությունից, քանի որ մեզ մոտ այդքան շատ վերցված երեխա եւ այդքան հոգեկան խնդիրներով մարդիկ չկան: Համեմատաբար լավ վիճակում են այն սերիալները, որոնք ստեղծված են դասական գրականության հիման վրա. Այդտեղ գիտես` կերպարդ որտեղից ուր է գնում, իսկ դերասանը գիտի, որ բարի-բարի խաղալով` ընթացքում մարդասպան չի դառնալու, որովհետեւ սցենարիստն այդ օրն արթնացել, տեսել է, որ դիտումները քիչ են, եւ որոշել է, որ պետք է բարդացնի իրավիճակը»,- ասում է դերասանուհին:
Սերիալներում սցենարի կրկնության, անընդհատ նույն թեմաների արծածման եւ մյուս թերությունների պատճառը սերիալների պրոդյուսեր Դավիթ Բաբախանյանը բացատրում է նրանով, որ «հարուստ երկրներում, որոնք սերիալների վրա բավականաչափ գումար են ծախսում, մեկ սերիալի համար աշխատում է սցենարական խումբ` բաղկացած մի քանի հոգուց, որոնց գլխավորում է նաեւ խմբագիր։ Մենք չունենք այդ հնարավորությունը եւ չենք կարող մեզ թույլ տալ հավաքել այդքան մարդ եւ ծախսել այդքան գումար»:
Դավիթ Բաբախանյանը խնդրահարույց է համարում նաեւ սերիալներում ուղիղ կամ թաքնված գովազդների խտությունը։ Հոգնեցնելու աստիճանի բյուրավոր գովազդների առկայության պատճառը, ըստ պրոդյուսերի, այն է, որ սերիալները նկարվում են գովազդներից ստացված գումարով. «Սերիալ կամ սիթքոմ նկարելու համար անհրաժեշտ գումարը հավաքվում է միայն սերիալում x քանակությամբ գովազդ լինելու դեպքում։ Եթե քանակությունը, օրինակ, 3 անգամ կրճատենք, ուղղակի սերիալ չենք նկարի»:
Հայկական սերիալն ուղղված է միայն ներհայաստանյան, լավագույն դեպքում՝ հայկական լսարանին։ Սակայն այն, կենցաղային դրամատիզմից բացի, այլ բան, որպես կանոն, չի առաջարկում դիտողին։ Հատկապես ներկա իրողության պայմաններում, երբ հայ հասարակությունը հոգեբանական դժվարանցանելի եւ բարդ փուլում է, հայկական սերիալներն իրենց դեպրեսիվ, ողբերգական, երբեմն մազոխիստական սյուժեներով ավելի են սրում եւ վատթարացնում իրավիճակը:
Հաշվի առնելով սերիալի՝ լսարանի ընդգրկման ներուժը՝ այն կարող է նաեւ գաղափարական եւ արժեքային որոշակի ուղերձներ հղել հասարակությանը, ինքնաճանաչման, ազգային արժանապատվությունը վերագտնելու ճանապարհներ ցույց տալ, ինչը շատ երկրներ անում են իրենց ժողովրդի պատմական տարբեր անցքեր եւ դրվագներ նորովի մատուցելու միջոցով:
Հայկական պատմական հեռուստասերիալի առաջին փորձը մեր իրականության մեջ եղել է «Հին արքաներ» հեռուստանովելը` բաղկացած 24 մասից, որը նկարահանվել է 2016 թվականին: Պատմական դրամայի պրոդյուսեր Դավիթ Բաբախանյանն ասում է, որ դա իրենց ամենածախսատար սերիալն է եղել, որն արվել է պատմական որակյալ սերիալ ունենալու միտումով:
Ինչո՞ւ նման նախագծերը շարունակություն չեն ունենում: Պատճառը, Դավիթ Բաբախանյանի կարծիքով, ֆինանսների սղությունն է: «Այն գումարի համեմատ, որը մենք ծախսել ենք «Հին արքաներ» սերիալի վրա, Թուրքիան, օրինակ, մոտավորապես 15 անգամ շատ ծախսել է իր «Հիանալի դար» սերիալի վրա: Դա է պատճառը, որ մենք այս առումով զիջում ենք Թուրքիային եւ մյուս երկրներին, որոնք որակյալ սերիալ են ստեղծում: Ամեն ինչ կախված է երկրի տնտեսությունից»,- ասում է պրոդյուսերը:
Ստացվում է՝ քանի դեռ մեր տնտեսությունը զարգացած չէ, եւ պետությունն ուշադրություն չի դարձնում որակյալ ֆիլմարտադրությանը, հայկական հեռուստասերիալները շարունակում են խժռել մարդկանց ուղեղներն ու ժամանակը եւ դոփել ցածրակարգ ճաշակների բավարարման մակարդակում։
Նման պայմաններում հայկական սերիալային արտադրությունը չի կարող համաշխարհային շուկա մտնելու հավակնություններ դրսեւորել։ Մինչդեռ իր առջեւ միջազգային շուկաներ նվաճելու հավակնության դեպքում է սերիալային ինդուստրիան շեշտը դնում որակի խթանման վրա, իսկ պետությունը՝ փորձում սերիալները որպես միջոց ծառայեցնել երկիրն ու ժողովուրդը իր կենցաղով, մշակույթով, պատմությամբ եւ ավանդույթներով աշխարհին ներկայացնելու եւ որոշակի իմիջով դիրքավորելու համար։
Քանի դեռ նման հավակնություններ մեզնում չկան, հայ հանդիսատեսը եւ հեռուստադիտողը ստիպված է ընտրություն անել տեղական պրիմիտիվության եւ արտասահմանյան սերիալային մշակույթը սպառելու միջեւ։
Լիլիթ Ապրեսյան