Դեկտեմբերի 19-ին՝ 19:30-ին, կվառվեն Հանրապետության հրապարակում տոնածառի եւ մայրաքաղաքի վարչական շրջաններում ամանորյա տոնական ձեւավորում ստացած փողոցների եւ կամուրջների լույսերը։
2020 թվականին տեղադրվել էր 71 միլիոն դրամ արժողությամբ 35 մետր բարձրության տոնածառ, որ 2018-ին էր գնվել։ Կառավարության որոշմամբ՝ Երեւանում «Ամանոր 2020» միջոցառումների համար պետբյուջեից հատկացվել էր 271 մլն 797 հազար 100 դրամ, 54 մլն դրամ էլ՝ մայրաքաղաքի համայնքային բյուջեից։
44-օրյա պատերազմին հաջորդած տարեմուտին՝ 2021-ին, Հանրապետության հրապարակում տոնածառ չդրվեց։
Իսկ 2022 թվականին նույն տոնածառը դրվեց։ Տոնածառի տեղադրման եւ ծառայությունների մատուցման համար մրցույթ էր հայտարարվել, որին երեք ընկերություն եւ մեկ անհատ ձեռներեց էին մասնակցել։ Նախապատվությունը տրվել էր անհատ ձեռնարկատիրոջը՝ ծառայությունների համար նվազագույն գնային առաջարկ ներկայացնելու համար: Ձեռներեցն առաջարկել էր ծառայությունները մատուցել 15 770 000 դրամով:
«Ալիք Մեդիա»-ն Երեւանի քաղաքապետարանին հարցում է ուղարկել՝ պարզելու, թե այս տարի որքան գումար է ծախսվել հանրապետության գլխավոր տոնածառի եւ վարչական շրջանների տոնական ձեւավորման համար։ Առաջիկա հրապարակումներից մեկում կգրենք նաեւ այդ մասին։
Մամուլում շրջանառվող տեղեկության համաձայն՝ այս տարի Տիգրան Ավինյանը տոնածառի լույսերը վառելու է արցախցի փոքրիկների հետ (սրա մասին գրել է «Փաստ» օրաթերթը): «Ալիք Մեդիան» փոքրիկ հարցախույզ է անցկացրել՝ փորձելով պարզել քաղաքացիների կարծիքը ամանորյա զարդարանքի, ծախսերի մասին։
Մարդիկ դեմ չեն տոնական զարդարանքին, բայց վստահ են՝ հարկ է հաշվի առնել, որ հատկապես վերջին տարիներին շատ ավելի կարեւոր ու ծանր խնդիրներ կան, որոնց լուծման համար գումարներ ծախսելն անհամեմատ ավելի կարեւոր է։ Այլ կերպ ասած՝ հարկավոր է ոտքը վերմակի չափ մեկնել։
Մեր զրուցակիցներից մեկն ասաց՝ տոնական ձեւավորման անհրաժեշտություն կա, սակայն ամեն ինչ պետք է անել մտածված՝ հաշվի առնելով պետության ներկա վիճակը, նրա առջեւ ծառացած բազմաթիվ խնդիրները, առաջնահերթությունները։
«Մեր տասնյակ հազարավոր հայրենակիցներ պետություն են կորցրել, ունեն սոցիալական, հոգեբանական բազմաթիվ խնդիրներ»։
Նրանք ծայրահեղ ծանր վիճակում են, իսկ 2024-ի հունվարի 1-ից արցախցիներին տրվող օգնությունը կդադարի։ Կարելի էր այս տարի ավելի համեստ կազմակերպել ձեւավորումը եւ ավելացած գումարով օգնել արցախցիներին՝ հաղթահարելու իրենց խնդիրները, որոնք հատկապես ձմռանն ավելի են շատանում»,- ասաց մեր զրուցակիցներից մեկը։
Մի քաղաքացի էլ նշեց՝ մանուկները պիտի ուրախանան, բայց, անկասկած, կարելի է քիչ գումար ծախսելով, համեստ զարդարանքով տոն պարգեւել երեխաներին, միաժամանակ գումար խնայելով՝ օգնել նաեւ այն երեխաներին, որոնք Արցախի Հանրապետությունից տեղահանվել, անտուն են մնացել։
Թերեւս պետք է ավելացնել՝ արցախցի երեխաներից ոմանք նույնիսկ կրթությունը շարունակելու հնարավորություն. հագուստ ու գրենական պիտույքներ չունեն։ Տոնական շքեղ ու թանկարժեք զարդարանքով ու տոնածառի լույսերով այս երեխաների ու նրանց ծնողների առջեւ ծառացած նման ծանր խնդիրները կլուծվե՞ն։
Լրագրողն իր մասնագիտական գործունեությամբ հասարակական կարծիք է ձեւավորում։ Հենց ա՛յդ գիտակցումով եմ առաջնորդվում եւ աշխատում։