Human Rights Watch-ը Իսրայելին մեղադրում է «սովը որպես պատերազմի մեթոդ օգտագործելու համար»:
Ամերիկյան Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը Իսրայելին մեղադրել է ռազմական հանցագործություն կատարելու համար՝ նշելով, որ հրեական երկիրը միտումնավոր սովամահ է անում Գազայի հատվածի բնակիչներին։
Իրավապաշտպանները պնդում են, որ իսրայելական զորքերը միտումնավոր արգելափակում են ջրի, սննդի եւ վառելիքի մատակարարումը, ոչնչացնում են գյուղատնտեսական հողերը եւ Գազայի 2,3 միլիոն բնակիչներին զրկում գոյատեւելու համար անհրաժեշտ պաշարներից:
«Իսրայելի կառավարությունն օգտագործում է քաղաքացիական սովամահությունը որպես պատերազմի մեթոդ բռնազավթված Գազայի հատվածում,- ասված է զեկույցում։- Համաշխարհային առաջնորդները պետք է բարձրաձայնեն այս սարսափելի պատերազմական հանցագործության դեմ»:
Իսրայելը հերքում է, որ թիրախավորել է խաղաղ բնակիչներին, եւ ասում է, որ փորձում է հեշտացնել անմեղ մարդկանց օգնությունը՝ միաժամանակ թույլ չտալով օգնություն հասցնել ՀԱՄԱՍ-ի հազարավոր զինյալներին:
Այս տարվա օգոստոսի սկզբին Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն ԼՂ-ի շուրջը ստեղծված իրավիճակի մասին իր զեկույցում հայտարարել է, որ Ադրբեջանի անվտանգության ուժերի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը ցեղասպանություն է Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ։
«Այստեղ չկան դիակիզարաններ, չկան նաեւ մաչետեով հարձակումներ։ Սովը ցեղասպանության անտեսանելի զենքն է։ Առանց անհապաղ արմատական փոփոխությունների հայերի այդ խումբը մի քանի շաբաթ անց կոչնչացվի։ ԼՂ էթնիկ հայերի նկատմամբ գործադրվող սովը ցեղասպանության արխետիպ է, որն իրականացվում է կյանքի այնպիսի պայմանների պարտադրմամբ, որոնք ուղղված են խումբը ոչնչացնելուն»,- ընդգծել էր Օկամպոն իր հայտարարության մեջ։