Երեւանի թիվ 94 մանկապարտեզում տեղի ունեցած աղմկահարույց միջադեպից հետո, երբ դաստիարակը բռնության է ենթարկել 3.5 տարեկան երեխային, որոշում է ընդունվել քննարկել եւ կարճ ժամկետում լուծումներ գտնել նշված խնդիրներին:
Ըստ այդմ, վերջին շրջանում՝ նախադպրոցական ուսումնական հաստատություններում ՀՀ ԱԱԾ արված բացահայտումներից ելնելով, «Փաստ» թերթի տեղեկություններով՝ քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանձնարարել է առաջիկայում համայնքային ենթակայության տակ գտնվող բոլոր մանկապարտեզներում տեղադրել տեսախցիկներ՝ թե՛ պատկերային, թե՛ ձայնային եւ տեսահսկմամբ։
Ըստ թերթի՝ նման կերպ մանկապարտեզների առօրյան եւ երեխաների պաշտպանությունը «ուղիղ եթերում» հասանելի են լինելու քաղաքապետարանին, մյուս կողմից՝ հնարավոր է լինելու պաշտպանել մանկապարտեզների բարեխիղճ աշխատակիցներին՝ զերծ պահելով հնարավոր զրպարտությունից։
Դեռ մեկ տարի առաջ ՀՀ փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը հայտնել էր, որ ՀՀ ոստիկանությունը դպրոցներում, խանութներում եւ այլ օբյեկտներում տեսանկարահանումներ անելու իրավունք կստանա։
Ըստ օրինագծի՝ այդ առեւտրային եւ ուսումնական հաստատությունները, դեղատներն ու մի շարք այլ ձեռնարկություններ, ինչպես նաեւ քաղաքային հաստատությունները պետք է իրենց տարածքներում տեսախցիկներ տեղադրեն։
Ոստիկանությունն էլ դրանց հասանելիություն կստանա իր «Տեսա- եւ լուսանկարահանման համակարգեր» նոր կազմակերպության միջոցով եւ կկարողանա վերլուծել դրանց տվյալները` օգտագործելով դեմքի եւ մեքենաների ճանաչման սոֆթերը։