Մայիսի 12-ից սկսած՝ ադրբեջանական զինուժը երեք ուղղություններով ներխուժել է Հայաստանի Հանրապետության տարածք եւ ամրացել մի քանի կիլոմետր խորության վրա:
Ի՞նչ նպատակներ է հետապնդում Ադրբեջանը:
Առաջին՝ Բաքուն փորձում է ճնշումների միջոցով Երեւանից համաձայնություն կորզել, որ Ադրբեջանը Նախիջեւանի հետ կապվի ոչ թե սովորական ճանապարհով, այլ միջանցքով: Եթե Հայաստանը Արցախի հետ կապվում է հատուկ միջանցքով, ապա նույնը պահանջում է Երեւանից՝ միջանցքով կապ Ադրբեջանի եւ Նախիջեւանի միջեւ:
Միջանցքի կամ սուվերեն անցումի թեման Ադրբեջանը օրակարգ է բերել տասնամյակներ առաջ, հատկապես Քի Վեսթի բանակցություններից առաջ եւ հետո, սակայն այն ժամանակ չէր կարողանում դա իրականացնել, քանի որ պարտված էր պատերազմում եւ ստիպված էր համակերպվել այն ժամանակվա ստատուս-քվոյի հետ։ Իր դիմաց կար Հայկական բանակ եւ Հայաստան պետություն: Այսօր Ադրբեջանը տեսնում է Հայաստանի թուլությունը եւ փորձում իրականություն դարձնել այն, ինչը նախկինում երազել անգամ չէր կարող:
Երկրորդ՝ Բաքուն փորձում է Սոթքից մինչեւ Հայաստան-Իրան-Ադրբեջան եռանկյունի՝ հայ-ադրբեջանական նոր սահմանի երկայնքով ստանալ հնարավոր դիրքային առավելություն, եւ նման ներխուժումների փորձերը բացառված չեն, քանի դեռ Հայաստանում չկա իշխանություն, որ ունակ լինի կանգնեցնելու ադրբեջանական ագրեսիան: Ապագայում տեղի ունենալիք սահմանազատման եւ սահմանագծման աշխատանքների ընթացքում Ադրբեջանը փորձում է առավելություն ստանալ եւ ստանալ հնարավոր առավելագույնը:
Երրորդ՝ Բաքուն Երեւանի համար ստեղծում է օրակարգային նոր հարցեր, որպեսզի կարողանա այլ հարցերում զիջումներ կորզել: Նախքան մայիսի 12-ի ներխուժումները Ադրբեջանի վրա ճնշում կար՝ վերադարձնել հայ գերիներին: Ամեն օր թուլացող Հայաստանը չի կարողանալու բոլոր հարցերը պահել օրակարգում եւ ստիպված է լինելու համակերպվել Ադրբեջանի պարտադրած թելադրանքի հետ եւ շարժվել ադրբեջանական խաղի կանոններով:
Երբ դու ունես թույլ եւ պարտված իշխանություն, չես կարող բանակցային սեղանին դնել բոլոր հարցերը կամ որեւէ հարցում հաջողություն ակնկալելու համար ստիպված ես լինելու հրաժարվել այլ պահանջներից: Դիվանագիտությունը աշխատում է, երբ ուժ ունես:
Չորրորդ՝ Բաքուն ստեղծում է հոգեբանական մի վիճակ, երբ հայերը սկսում են մտածել՝ եթե մենք ի վիճակի չենք պահելու միջազգայնորեն ճանաչված Հայաստանի Հանրապետության սահմանները, ապա ինչպե՞ս կարող ենք պահել Արցախը կամ այն, ինչ մնացել է Արցախից, եւ որի անվտանգության ապահովումը ստիպված ենք եղել պատվիրակել Ռուսաստանին: Սա ամենավտանգավորն է, եւ քանի դեռ Հայաստանում իշխանափոխություն չի իրականացվել, Հայաստանի թուլության եւ անճարակության պատումը լայն տարածում է գտնելու հայ հանրության մեջ:
Հինգերորդ՝ Բաքուն, փաստացի փորձելով զավթել Հայաստանի տարածքներ, մեր հաշվին Ռուսաստանից փորձում է զիջումներ կորզել այն հարցերում, որոնք վերաբերում են ռուս-ադրբեջանական հարաբերություններին եւ տարածաշրջանին: Ո՛չ Ադրբեջանը, ո՛չ նրա հովանավոր ու պաշտպան Թուրքիան կարիք չունեն խոսելու Հայաստանի հետ: Նրանք խոսում են Ռուսաստանի հետ: Այս իրավիճակը նոր չի ստեղծվել, բայց Հայաստանը 1991-ից ի վեր երբեք այսքան թույլ, անօգնական ու անպաշտպան չի եղել: Հայաստանը հասել է մի կետի, երբ կասկածի տակ են դրվում նրա ինքնիշխանությունն ու անկախությունը, իսկ հայ ժողովուրդը սկսում է մտածել, առայժմ ոչ բարձրաձայն, որ մեր փրկության ելքը Ռուսաստանի հովանու տակ է:
Վեցերորդ՝ Իլհամ Ալիեւը մինչեւ վերջ փորձում է ստորացնել Նիկոլ Փաշինյանին, Հայաստանին եւ հայ ժողովրդին: Ժամանակին ասվում էր, որ անթույլատրելի էր տավուշյան դեպքերից հետո շոուներ կազմակերպել Սարդարապատում, ստորացնել Ալիեւին, եւ հակառակը՝ պետք էր գործի դնել դիվանագիտությունը, դասեր չտալ Թուրքիային, թե ինչ պիտի նա անի Միջերկրականում, բանակցային սեղանի վրա թուղթ ունենալ եւ ոչ թե հպարտանալ, թե մերժել ենք նախկինների բանակցային սեւագրերը, քանի որ դրանք անընդունելի են:
1990-ից ի վեր առաջին անգամ Հայաստանի անվտանգության եւ պաշտպանության բոլոր չորս մակարդակները չեն գործում, ընդ որում՝ չեն գործում միաժամանակ՝ տարածաշրջանում եւ ատամ կրճտացնող հարեւանների առաջ Հայաստանը թողնելով անպաշտպան եւ անօգնական:
Նախքան Հայկական բանակի ձեւավորվելը Հայաստանի բնակչությունը զենքը ձեռքին կանգնել էր Ադրբեջանի հետ սահմանին, ինչպես նաեւ Արցախում՝ պաշտպանելու իր հայրենիքը, ընտանիքն ու պատիվը: Ոստիկանությունը կանգնած էր Հայաստանի սահմաններում: Նիկոլ Փաշինյանի եւ նրա թիմի աղետալի քաղաքականության հետևանքով այսօր տիրում է գրեթե համատարած հիասթափություն, իսկ ոստիկանությունը պաշտպանում է ոչ թե Հայաստանի սահմանները, այլ Նիկոլ Փաշինյանին ու նրա աթոռը Երեւանի հենց կենտրոնում:
Երկրորդ՝ Հայկական բանակը հասցվել է բարոյալքման: Այսպիսի բարոյալքում եղել է 1920-ին, երբ քեմալականները զավթեցին Կարսը եւ Հայաստանի տարածքից 30 հազար քառակուսի կիլոմետր: Նրանք զավթեցին այն օրվա Հայաստանի ամենամեծ քաղաքը՝ Ալեքսանդրապոլը, նոյեմբերի 6-ին եւ օկուպացրած պահեցին մինչեւ 1921-ի ապրիլի 22-ը:
Վեց ամիսը բավարար ժամանակ էր, որպեսզի գոնե նվազագույն պաշտպանական համակարգեր ստեղծվեին, որպեսզի պաշտոնական Երեւանը հայ հովիվներից չտեղեկանար ադրբեջանական զինուժի շարժերի ու ներխուժումների մասին: Փաշինյանն ու նրա թիմը անկարող են ապահովել եւ երաշխավորել Հայաստանի պաշտպանությունն ու անվտանգությունը: Նրանց իշխանության մնալու ամեն օրը թուլացնում է Հայաստանը:
Երրորդ՝ ըստ էության, չի գործում կամ մինչեւ այս պահը չի գործել նաեւ հայ-ռուսական երկկողմ պայմանավորվածությունը անվտանգության եւ պաշտպանության ոլորտում՝ ստորագրված 1997-ին: Ամենահեշտը ռուսներին քննադատելն է, բայց եկե՛ք հասկանանք, թե ինչու ենք հայտնվել այս վիճակում եւ ինչու չէինք հայտնվում այս վիճակում 1991-ից ի վեր: Եկե՛ք մտածենք եւ վերլուծենք:
Չորրորդ՝ ըստ էության, չի գործում կամ մինչեւ այս պահը չի գործել նաեւ Հայաստանի բազմակողմ դիվանագիտությունը, տվյալ դեպքում ՀԱՊԿ-ին մեր անդամակցությունը:
Հայաստանի եւ նրա ժողովրդի մղձավանջը շարունակվում է նաեւ նոյեմբերի 10-ի կապիտուլյացիայից հետո: Ե՞րբ ենք կարողանալու դուրս գալ այս ստորացված եւ ծնկի իջած վիճակից: Էլ ի՞նչ պետք է տեղի ունենա, որ հասկանանք՝ ընտրել ենք աղետ:
Լրագրող, հրապարակախոս, պատմություն հետազոտող, որն առօրյա փաստերը, դրանց վրա հիմնված դատողություններն ու պատմական փորձառությունը հաջողությամբ միահյուսելով ստանում է ուրույն բովանդակություն։