Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը դեկտեմբերի 19-ին Կոլումբիայի «NTN24» հեռուստաալիքին տված հարցազրույցում Ֆրանսիային կոչ է արել «Հայաստանին Անդրկովկասում նոր պատերազմի չդրդել»։
Նա նշել է, որ Հայաստանին պաշտպանական եւ հարձակողական սպառազինություն մատակարարող Ֆրանսիայի գործողությունները չեն նպաստում Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության հաստատմանը: «Ֆրանսիային կոչ ենք անում զերծ մնալ ապակառուցողական գործողություններից եւ Հայաստանին նոր պատերազմի չմղել»,- հայտարարել է Ադրբեջանի փոխարտգործնախարարը:
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, անդրադառնալով այլ երկրների հետ Հայաստանի ռազմատեխնիկական համագործակցությանը, նշել է, որ տարբեր երկրների արտադրության «աջաբսանդալ» տեխնիկան երբեք չի նպաստում մարտունակության բարձրացմանը։
Մասնավորապես, Ֆրանսիայի մատակարարած «Բաստիոն» զրահամեքենաների մասին ասել է, որ դրանք ոչնչացման ենթակա տեխնիկա են, ինչն ակնհայտ է նույնիսկ այն իրավիճակից դատելով, որը ստեղծվել է ռազմական հատուկ գործողությունների համատեքստում։
Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիան Լըկորնյուն, հոկտեմբերի 17-ին Ֆրանսիայի սենատորների հետ հանդիպմանն անդրադառնալով հայ-ֆրանսիական ռազմական համագործակցությանն առնչվող հարցերին, թեթեւակի ակնարկել էր, որ որոշ զինատեսակներ խիստ պաշտպանական կլինեն եւ առաջին հերթին կծառայեն կյանքերի պաշտպանությանը եւ Հայաստանի անվտանգության ապահովմանը: