Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն դեկտեմբերի 19-ի Ցեղասպանության մասին կոնվենցիայի ընդունման 75-ամյակին ընդառաջ կազմած իր զեկույցում հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում դարեր շարունակ ապրած հայերի էթնիկ զտումները ցեղասպանություն են, իսկ տեղահանությունը՝ մարդկության դեմ հանցագործություն։
Զեկույցին կից Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազը հրապարակել է նաեւ Արցախի նախկին պետնախարար, նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանի մասին տեսանյութը, որտեղ ներկայացվում է նրա կյանքի պատմությունը, ինչպես է հայրը զոհվել Արցախյան առաջին պատերազմի ժամանակ, ինքն էլ պայթյունի հետեւանքով կորցրել է տեսողությունը։
ՄՔԴ նախկին դատախազը նշել է, որ Կոնվենցիայի ընդունումը վկայում է ցեղասպանության իրագործումը ժխտելու հարցում մասնակից պետությունների հետեւողական դիրքորոշման մասին: Նա ընդգծել է, որ աշխարհը, սակայն, ականատես է դարձել Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ իրագործվող ցեղասպանության փաստի հետեւողական անտեսմանը։
Անդրադառնալով ցեղասպանության համար պատժելու պարտավորությանը՝ Օկամպոն նշել է, որ Կոնվենցիայի մասնակից պետությունները՝ ի դեմս Ֆրանսիայի կամ Մեծ Բրիտանիայի, կարող են նպաստել Լեռնային Ղարաբաղին առնչվող իրավիճակի փոխանցմանը Միջազգային քրեական դատարան:
Նրա համոզմամբ՝ ցեղասպանության կանխարգելման ամենահրատապ հարցը Լեռնային Ղարաբաղի երեք նախկին նախագահներին եւ հինգ այլ հասարակական առաջնորդներին մարմնական եւ հոգեկան լուրջ վնասներ պատճառելու ռիսկին վերջ տալու հարցն է։ «Նրանց գերությունը ցեղասպանության մի մասն է եւ ուղերձ է հայերին՝ եթե վերադառնաք Լեռնային Ղարաբաղ, ձեզ սովամահ կանեն, կազատազրկեն կամ կսպանեն»,- շեշտել է Օկամպոն։
Օկամպոն իր զեկույցում հավելել է՝ 2024 թվականի փետրվարի 1-ին, երբ Հայաստանը կդառնա Միջազգային քրեական դատարանի անդամ, Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել 2021-ի մայիսի 10-ից Հայաստանում կատարված հանցագործությունների առնչությամբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի գործողությունները։